Armlur.am-ը գրում է.
Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց նշանավոր երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը կրծքանշաններով և մանուշակագույն վզկապներով երեխաների ներկայությունը: Մասնավորապես քննադատվեց այն հանգամանքը, որ երեխաները, կանգնած լինելով հենց հանգուցյալի դագաղի մոտ, ակնհայտորեն վախվորած տեսք ունեին եւ կարծես ստիպված էին ներկայացել արարողությանը: Հանրության մի ստվար զանգված պնդում է, որ չէր կարելի մանկահասակների հետ նման կերպ վարվել: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ այդ երեխաները Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներն են եղել։
Կայքը թեմայի շուրջ զրուցեց դպրոցի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ: Նա հավաստիացրեց, որ դպրոցի սաները արարողությանը ներկայացել են ինքնաբուխ, սեփական մղումով. «Երեխաները, նրանց ծնողները ցանկություն են հայտնել մեծարելու պատվելի, սիրելի երգչուհուն, վերջին հրաժեշտը տալ նրան: Երեխաների, ծնողների հետ մի պահ կանգնել ենք եւ դուրս ենք եկել: Ուզեցել ենք միայն գեղեցիկ ու լավ բան անել: Հիմա ի՞նչ անենք, որ դա վատով է դիտարկվում: Եթե ես մի կաթիլ անգամ կռահեի, որ այսպիսի արձագանք կլիներ, ինքս դեմ կկանգնեի այդ քայլին եւ չէի թողնի, որ նման բան տեղի ունենար»,-մեկնաբանեց Թովմաս Պողոսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Հոգեբանը` Օֆելյա Համբարձումյանի հրաժեշտի արարողությանը երեխաների ներկա գտնվելու հետևանքների մասին