▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է:
Ակնհայտ է, որ Թուրքիան չի շտապում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի հետ փոխշահավետ գործակցություն ապահովելու հարցում:
Նույնիսկ այդքան քննարկված պայմանավորվածությունը` 3-րդ երկրների քաղաքացիների ու բեռնափոխադրումների համար սահմանը բացելու վերաբերյալ, 2 տարի է, որևէ արդյունքի չի բերում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ թեև խոսվում է ՀՀ տարածքը ենթակառուցվածքային հանգույցի վերածելու մասին, սակայն նույն Թուրքիան, ակնհայտ ձգձգելով Գյումրի-Կարս երթուղու շահագործման վերականգման հնարավորությունների շուրջ համաձայնությունը, ռեգիոնալ բեռնափոխադրումների առումով նախընտրում է շրջանցել ՀՀ-ն` շարժը Կարս-Գյումրի-Երասխավան-Նախիջևան ուղղությամբ դիտարկելու փոխարեն նախընտրում է Կարս-Իգդիր-Նախիջևան նոր երթուղին, որ կառուցման մասին վերջերս հայտարարվեց:
Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, ով կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը և կունենա ընդամենը օգտագործվողի կարգավիճակ»։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Միանգամից ասեմ, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը մեզ համար։ Քաջատեղյակ են, թե որքան ենք մենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որ այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է։

Թուրքերին այդ գիտելիքը օգնում է, որպեսզի ճիշտ մշակեն այսօր մեր հանդեպ տարվող նվաճողական քաղաքականությունը։ Սրա մի օրինակ այսօր կարելի է տեսնել Թուրքիայի հետ վարվող ու անվերջ թմբկահարվող «բանակցությունների» շրջանակներում։
Այսպես, եթե ուշադրություն դարձնե՛ք, ապա ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ թուրքերի ամեն հանդիպումից հետո արված հայտարարություններում կա մոտավոր այսպիսի ձևակերպում.
«Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես... պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով»։

Հայաստանի համար որևէ գործնական նշանակություն չունեցող Անիի կամրջի հայտնվելը այս «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի։ Հիշատակելով Արևմտյան Հայաստանի հետ կապված Անի քաղաքը՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել հույզեր դեպի կորուսյալ հայրենիքը՝ այդպիսով թմրեցնելով բանակցությունների մնացած կետերի հանդեպ ուշադրությունը։ Կետեր, որոնք ուղղված են նրան, որ Հայաստանը աստիճանաբար վերածվի թուրքական ազդեցության գոտու։ Փաստացի, մեզ տալիս են մեր հայրենիքի մի կտորի հետ խորհրդանշական կապ ու դրա վերականգման պատրանք, որպեսզի հեշտությամբ խլեն մեր ունեցած մասը։

Սա թուրքական փորձառու դիվանագիտության հնարք է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее