▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայից Հայաստան է ներմուծվում 500 անունից ավելի ապրանքատեսակ

Վերջին 8 տարիներին (2008-2016թթ.) Թուրքիային բաժին է ընկել Հայաստանի առեւտրաշրջանառության 3-5%-ը: Այսպես, 2008թ. այն կազմել է շուրջ 270 մլն դոլար, իսկ 2015թ.` մոտ 137 մլն դոլար: 2016թ.-ից Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը սկսել է աճ գրանցել` կազմելով 164 մլն դոլար: Ընդ որում, թուրքական ապրանքի ներմուծումը Հայաստան կազմել է ընդհանուր առեւտրաշրջանառության 99,7%-ը (շուրջ 163,8 մլն դոլարի չափով), իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել է ընդամենը 505 հազար դոլարի ապրանք:

Ներմուծման եւ արտահանման նման հարաբերակցություն կարելի է նկատել գրեթե ամեն տարի, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական երկկողմ առեւտրատնտեսական կապեր ասելով պետք է հասկանալ գերազանցապես թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան: Թուրքիայից Հայաստան է ներմուծվում 500 անունից ավելի ապրանքատեսակ, որոնց թվում` սննդամթերք, հագուստ, տնտեսական եւ քիմիական արդյունաբերության ապրանքներ եւ այլն: Իսկ Հայաստանից հիմնականում արտահանվում է մորթի, ոսկերչական իրեր, զանազան մետաղական արտադրանք:

2017թ. հունվար-մարտ ամիսներին երկկողմ առեւտրում շարունակվել է աճ գրանցվել: Առաջին եռամասյակի ընթացքում Հայաստանից իրականացվել է շուրջ 227 հազար դոլարի արտահանում, մինչդեռ ներկրման ծավալները կազմել են 45 մլն դոլար: Թուրքիայի հետ առեւտուրը կատարվում է Վրաստանի սեւծովյան նավահանգիստների եւ ավտոճանապարհի միջոցով, ինչն անհամեմատ երկար է, քան, Գյումրի-Կարս երկաթուղին:

Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ չի նաեւ Հայաստան-Թուրքիա զբոսաշրջության ձեւավորման հարցում, սակայն այստեղ եւս դեպի Թուրքիա դրական միտումով: Օրինակ, 2015թ. Թուրքիայից Հայաստան է ժամանել շուրջ 9500 մարդ, մինչդեռ Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանից Թուրքիա այցելուների թիվը կազմել է` 48,522 մարդ:

Թուրքիայի ընդհանուր արտահանումը 2016թ. կազմել է 142,6 միլիարդ դոլար: Հարեւան Վրաստանի հետ վերջին 5 տարիներին առեւտրաշրջանառությունը տատանվում է յուրաքանչյուր տարի 3,5-5 միլիարդ դոլարի շրջանակներում: Ցուցանիշները նույնն են նաեւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում: Հայաստանի փոքր շուկան Թուրքիային քիչ է հետաքրքրում: 

Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններին առավել մանրամասն ծանոթացեք սկզբնաղբյուր կայքում՝ ampop.am:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее