Անկարայի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է հանրահայտ «Wikipedia» ինտերնետային հանրագիտարանի արգելափակման դեմ համանուն հիմնադրամի ներկայացրած բողոքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrat Haber» լրատվակայքը: Կայքի արգելափակման որոշումն առաջինը բողոքարկել էին պրոֆեսոր Յաման Աքդենիզը և դոցենտ Քերեմ Ալթըփարմաքը: Այնուհետև նշյալ որոշումը բողոքարկել էր նաև «Wikipedia»-ին առընթեր հիմնադրամը:
Աքդենիզի և Ալթըփարմաքի բողաքարկման արդյունքում պարզվել է, որ ինտերնետային խոշորագույն հանրագիտարանը Թուրքիայի տարածքում արգելափակվել է ընդամենը երկու հոդվածի պատճառով: Դրանք են՝ «Foreign involvement in the Syrian Civil War / Արտաքին ներգրավվածությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին» և «State-sponsored terrorism/ պետության կողմից հովանավորվող ահաբեկչություն» հոդվածները: Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդի նախագահ Ֆաթիհ Սայանը ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի անտեսել Թուրքիայի դատարանների որոշումները:
«Առանց դատական որոշման «Wikipedia»-ի հասանելիության վերականգնումը հնարավոր չէ»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի վաղ առավոտից Թուրքիայում արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հանրագիտարանի՝ Wikipedia-ի մուտքը: Այս մասին համապատասխան դատական որոշում չէր կայացվել, սակայն Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը տեղեկացրել էր, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել:


