Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի որոշմամբ կարգալույծ արված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն օրերս բաց նամակ էր գրել հասարակությանը՝ հերքելով իր դեմ առաջ քաշված բոլոր մեղադանքերն ու շեշտելով, որ շատ վիրավորված է այդ ամենից:
«Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանն այս նամակը խայտառակություն է համարում, ավելին՝ հիշում է, որ նրա կողմից առաջին հարվածը ստացել են Վանում, երբ 3 հոգի մկտվելու ցանկություն էին հայտնել.
«Այդ օրը տեղի էր ունեցել նաև «Ակունք» անսամբլի համերգը: Աթեշյանը մեզ կանչեց, թվում էր, թե շնորհակալություն էր հայտնելու, բայց ոչ՝ հարցրեց, թե ինչո՞ւ է մկրտություն կազմակերպվել, ավելին՝ ասաց, որ իրենք չեն խառնվում Էջմիածնի գործերի մեջ ու թույլ չեն տալիս, որ ուրիշներն էլ իրենց գործին խառնվեն: Շեշտեց, որ իրենց պետք է նախօրոք ասեին, որ Ստամբուլից հոգևորականների ուղարկեին՝ մկրտելու համար: Հորդորեցի վերջ տալ ջեբկիրի հոգեբանությանը: Նրա հետ հաջորդ անգամ երբ հանդիպեցի՝ նշեց, որ Արևմտյան Հայաստանում եկեղեցի պետք չէ, դավանափոխ հայեր չկան, փող չկա և այլն: Ապշել էինք: Հասկացանք, որ ընդամենը Թուրքիայի դեսպանն է մեր եկեղեցում: Վերջերս էլ հայ համայնքի ղեկավարներից մեկը մեզ հետ հանդիպման ժամանակ ցավով նկատեց.«Աթեշյանը մեզ իր գիրկը չառավ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արագած Ախոյանը:
«Այն, որ Աթեշյանը սատանա է, մյուս բոլորը՝ հրեշտակ, չկա նման բան: Նրանից բացի ոչ կրոնականներ կան, ովքեր խառնում են ամեն ինչ: 9 տարի է՝ պատրիարք չենք կարողանում ընտրել, իհարկե, Աթեշյանն իր մեղքի բաժինն ունի»,-նկատեց ստամբուլահայ թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանը՝ հավելելով.
«Հիմա ամբողջ համայնքը պառակտված է: Թուրքական պետությունը ցանկանում է, որպեսզի ընտրությունը կատարվի երկուսի միջև՝ Մաշալյանի ու Աթեշյանի: Նրանք շեշտել են, որ գոհ կլինեն՝ պատրիարքի պաշտոնում տեսնել երկու թուրքահպատակ սրբազաններից մեկին»:
Նշենք, որ հայտնի է Պոլսի պատրիարքի ընտրության նախնական օրը, որը դեկտեմբերի 13-ն է: Ընտրության վերջնական օրը կհստակեցվի նախարարության որոշումից հետո:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը, ուր հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը։ Սակայն ընտրություններում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից, քանի որ Ստամբուլի նահանգապետարանից գրություն էր ստացվել, ուր նշված էր, որ իրավաբանորեն անհնար է համարվում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: