Թուրքական «Sahibinden.com» օնլայն գնումների կայքում վաճառքի է հանվել հայտնի հայ վարպետի՝ Գրիգոր Քեհյայանի պատրաստած ուդը (երաժշտական գործիք)։ Հայտարարության մեջ վաճառողի անունը չի հիշատակվում։
Միայն նշվում է, որ գործիքը 100 տարվա պատմություն ունի և գտնվում է Ստամբուլում, իսկ արժեքը 10000 դոլար է։ Բացի Ուդի նկարներից, կայքում հրապարակվել են նաև լուսանկարներ, որոնց վրա պատկերված են օսմաներենով և հայերենով վկայականներ, որոնք ապացուցում են, որ երաժշտական գործիքը պատրաստված է պոլսահայ վարպետի կողմից:
Նշվում է նաև, որ Գրիգոր Քեհյայանը ծնվել է Ստամբուլում 1875թ. և մահացել է 1933թ-ին. ապրել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում: Քեհյեյանը հյուսնի արհեստը ժառանգել է հորից, ապա մասնագիտացել ուդ պատրաստելու մեջ։ Ուդի վաճառքի մասին հայտարարությունը «Sahibinden.com»-ում տեղադրվել է փետրվարի 12-ին։




