ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը շարունակում է չպատասխանել լրագրողների հարցերին: Այս անգամ Թունելի Հակոբ մականունով հայտնի պատգամավորը հրաժարվել է պատասխանել իր որդուն վերաբերող հարցերին, ով, ըստ մամուլի, ապօրինի ճանապարհով 17 հեկտար հող է ստացել:
Այս ամենի մասին հայտնի էր դարձել, երբ մամուլը գրել էր, որ Գեղարքունիքի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել էր չարաշահումների հետ կապված սկանդալային պատմության մեջ։ Մասնավորապես՝ վերջինիս նախկին խորհրդական Վարդան Գրիգորյանը հայտարարել էր, որ համայնքապետը վայելում է «վերևների» հովանավորությունը, և արդյունքում գործը չի հասնում ՀՀ գլխավոր դատախազին։ Հարցին, թե ո՞վ է համայնքապետի հովանավորը, Գրիգորյանը պատասխանել էր, որ Ռոբերտ Խաչատրյանի գլխավոր հովանավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Թունելի Հակոբը)։ Գրիգորյանի խոսքով` քանի որ համայնքապետը Հակոբ Հակոբյանի թիմի անդամ է, աջակցել է վերջինիս ընտրությունների ժամանակ, պատգամավորն էլ դրանից ելնելով պարտավոր է պաշտպանել նրան։ Նրա համոզմամբ` որպես այդ պաշտպանության պատասխան, պատգամավորի որդին՝ Պարույր Հակոբյանը, Աստղաձորում անօրինական ճանապարհով ձեռք է բերել 17 հեկտար հող։
Նշենք նաև, որ Վերահսկիչ պալատն էր հերթական բացահայտումն էր արել, որը վերաբերում է գյուղտեխնիկայի կայանի ստեղծման ծրագրին:
«Ձեռք են բերվել տրակտորների հզորության գութաններ, որոնք պահվում են պատգամավորի որդու ղեկավարած մեկ այլ ընկերության պահեստում: Գյուղտեխնիկայի կայանի ստեղծման պիլոտային ծրագրի նպատակը ներդրված ֆինանսական միջոցների վերադարձման արդյունքում գյուղտեխնիկայի նոր կայանների ստեղծումն է: Կառավարությունը ծրագրի մեկնարկն ազդարարեց 2017թ. մարտի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման մասին» թիվ 342-Ն որոշումով: Ըստ այդմ, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվել է պետության կողմից տրամադրել մինչև 700 մլն դրամ: Ծրագրի ֆինանսական աղբյուրը պահուստային ֆոնդն է, իսկ կատարման ժամկետ է սահմանվել 2017-2021թթ.: Ներկայացվել են գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման 4 առաջարկներ՝ քաղաքացի Ս. Այվազյանի, «Նաիրիի բերրիություն», «Չինվան» և «ԻԴԱՍ» ՍՊԸ-ների կողմից: Գնահատող հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում 2017թ. մայիսի 5-ին հավանության է արժանացրել «ԻԴԱՍ» ՍՊԸ-ի ծրագիրը, որին տրվել է դրական եզրակացություն: Ծրագիրը հավանության է արժանացել նաև կառավարության մայիսի 18-ի նիստում: ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդուն՝ Պարույր Հակոբյանին է պատկանում «Ինովեյթիվ ընդ դիվելոփդ ագրո սիսթեմս» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 40%-ը»,-գրել էր «Հետք»-ն այդ առիթով:


