▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնածառը ծայրահեղ դեպքում պետք է դնել 2-րդ հարկում, ճյուղերը չպետք է դիպչեն պատերին. ԱԻՆ

Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ եւ առանց պատահարների անցկացնելու համար Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հետեւել եւ կիրառել մի քանի կարեւոր խորհուրդների, որ խստագույն պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոններն: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ պաշտոնական կայքից:

Նախարարության խորհուրդները ներկայացնում ենք ստորեւ.

- Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին եւ գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա.
- Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք.
- Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ եւ չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը. 
- Եթե եղեւնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկել ինչպես ջահը.
- Լուսավորության համար պետք է օգտագործել 12Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել եւ հուսալիորեն մեկուսացնել.
- Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց եւ այլն, ինչպես նաեւ էլեկտրական լապտեր.
- Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Չի թույլատրվում`

- տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջեւ.
- օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
- օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ եւ զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաեւ ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից եւ պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր.
- տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.
- միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջեւ եղած հեռավորությունները, ինչպես նաեւ անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել.
- ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որեւէ տեսակի գույք եւ նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ:

Հիշե՛ք. Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրեւները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:

Մի՛ մոռացեք. Չի կարելի երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:

Իսկ եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ գործողությունները.

  • Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով.
    • Ահազանգեք 911կամ 112եւ երեխաներին դուրս բերեք սենյակից.
    • Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերեւ (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղեւնի է).
    • Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց եւ ավազ լցրեք.
    • Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը.
    • Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը եւ դրսի կողմից ջուր ցանեք վրան.
    • Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետեւանքով հնարավոր ծանր հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Կարեւոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունն Ամանորյա հանդիսությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее