Ա1+-ը գրում է.Արմավիրի Արազափ գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանը փաստի առաջ է կանգնել։ Նախորդ շաբաթ կարկուտից ու քամուց վնասվել է ջերմոցի պոլիէթիլենային ծածկը. «Ուժեղ քամի էր, կողքերը փորձեցի ծածկել, չհասցրեցի, տվեց տրաքցրեց։ Դե բերքը տաք տեղն ինքը աշխատում ա, քամին էլ որ խփի, ինչ պետք ա անի, խաշում փչացնում ա», ֊ պատմում է գյուղացին։ Նույնիսկ այս պարագայում, ի տարբերություն շատ համագյուղացիների, Սարգիս Սարգսյանի բախտը բերել է՝ բերքի մի մասը փրկվել է։ Բերքը չի քաղում, քանի որ մեծածախ գնորդ չկա։ Տանը կից հողամասում վարկային միջոցներով ջերմոցներ է սարքել, ահագին ծախս արել, բայց բերքը մնացել է թփին։ Սարգիս Սարգսյանը ասում է. «100-120 կիլո ցելոֆան ենք առել, ցելոֆանը քաշում ենք, վարում ենք, մշակում ենք, թելերին փող ենք տալիս, սերմին հատը 30 դրամ փող ենք տալիս, հոսանք ենք վառում, մշակում ենք, բերում հասցնում ենք բերան, չի վաճառվում»։ Արմավիրցի մյուս ֆերմերների պես վարունգն ու լոլիկը Հովտաշատ գյուղի մեծ շուկա է տանում, որտեղ հիմնական գնորդները վերավաճառողներն են.
«Գին չկա, տանում ենք ընդեղ, առնողն էլ կանգնում ասում ա՝ ձեռ ե՞ք առնում, 10 դրամով կտաս կտանենք, չէ՝ չենք տանի, կամ 5 դրամով, ոնց որ մարդու ներվերի հետ խաղան, բա ես էսքան ծախս եմ արել»։ Տոկոսների տակ կքած գյուղացիները հազիվ են վճարում նաեւ ջրի վարձավճարները։ Սարգիսը պատմում է. «Հազիվ գումար ենք հայթայթում, ընտանիքին ենք պահում, չենք կարողանում ջրի վարձը ժամանակին մուծել։ Եթե գումար չկա որտեղի՞ց տաս: Դե արի ջրի վարձ տուր, ինչո՞վ տաս, վարկը մի կողմից՝ տոկոսը գալիս ա, պետք ա տոկոս փակենք, չենք կարողանում, ջրի վարձն էլ որտեղի՞ց կարողանանք տալ»։ Արաքսի ափին փռված Արազափում շատերի տունն է վարկերի պատճառով կալանքի տակ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


