«Տիկին Արփի Դավոյան, դուք ասում եք՝ ընդդիմությունը պետք է ամաչի ԱԺ դահլիճի կոտրած բռնակների համար. իսկապե՞ս, իսկ դուք ամաչո՞ւմ եք Արցախը հանձնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք հարյուր հազարավոր արցախցի ընտանիքներին անտուն ու անհայրենիք թողնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք մեր հազարավոր ընտանիքների տան ճրագը մարելու համար։ Ուզում եմ հասկանալ, ես միշտ համարել եմ, որ իշխանությունում կան պրոֆեսիոնալ ու բանիմաց բազմաթիվ կադրեր, որոնք վստահաբար հասկանում են, որ պարտված երկրի վարչապետը, Արցախը հանձնած վարչապետը չունի ոչ իրավական, ոչ բարոյական իրավունք լինել Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Լավ, դուք ո՞նց եք պատկերացնում, որ վարչապետը շարունակելու է Ալիեւի հետ բանակցություններն ու քննարկումները, երբ Ալիեւն ամենավերջին ձեւով ստորացրեց վարչապետին, երբ ծիծաղի առարկա դարձրեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ պաշտոնյային։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պրակտիկայում չկա նման բան, որ պարտված ու կապիտուլյացիայի ենթարկված պաշտոնյան շարունակի պաշտոնավարել»։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։