The New York Times ամերիկյան հրատարակությունը գրել է «Ատամհատիկ» հայկական ծեսի մասին։
«Հայաստանում երեխաները սկսում են մտածել իրենց կարիերայի մասին շատ վաղ տարիքում` մոտավորապես վեց ամսականում։ Երբ երեխայի մոտ դուրս է գալիս առաջին ատամիկը, որպես կանոն դա տեղի է ունենում 4–7 ամսականում, ընդունված է տոնել Ատամհատիկ», – նշվում է The New York Times–ի հոդվածում։
Հոդվածի հեղինակը նշում է, որ փոքրիկի առաջ դնում են տարբեր առարկաներ, որոնք խորհրդանշում են այս կամ այն մասնագիտությունը` բարձրախոս, բժշկական պարագաներ, մկրատ, գումար և այլն։ Այն առարկան, որը երեխան կվերցնի առաջինը, խորհրդանշում է նրա ապագա մասնագիտական հմտությունները։
Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր Յուլիա Անտոնյանի խոսքով, ատամների ի հայտ գալուն պես երեխան արդեն կարող է ուտել կոշտ սնունդ, իսկ այդ հմտության ձեռքբերումը բարենպաստ փուլ է, երբ կարելի է կանխատեսել երեխայի ապագան։
«Ծնողները կարող են կազմակերպել իրենց սերնդի ապագան` ընտրելով միայն այն առարկաները, որոնք խորհրդանշում են հեղինակավոր և օգտակար մասնագիտություններ», – նշել է Անտոնյանը։
Այսօր Հայաստանում Ատամհատիկի ժամանակ ընդունված է կազմակերպել հյուրասիրություն, պատրաստել տորթ, խաղալիքներ, կոնֆետներ և փուչիկներ ատամի տեսքով։
Ատամհատիկի մասին առաջին անգամ հիշատակվել է 19–րդ դարում, երբ երեխայի առջև դրվել է երկու առարկա` դանակ և սանր (կամ հայելի)։ Կանխատեսումը վերաբերել է ոչ թե երեխայի ապագային, այլ հաջորդ երեխայի սեռին։ Եթե փոքրիկն ընտրել է դանակ, ապա նա եղբայր է ունենալու, եթե սանր կամ հայելի` քույրիկ։ Իսկ ապագա մասնագիտության հետ կապված կանխատեսումը, Անտոնյանի խոսքով, առաջացել է շատ ավելի ուշ` խորհրդային տարիներին։
Աղբյուրը՝ wnews.am


