▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը սպառնում է շրջակա միջավայրի անվտանգությանը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքները դադարեցնելու պատճառների մասին hetq.am-ում հրապարակված հոդվածի հիման վրա 2018 թ. հունվարի 23-ին հարցում է ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Վերոնշյալ հոդվածը hetq.am-ում հրապարակվել է հունվարի 21-ին: Դրանում նշվում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատանքները դադարեցրել է՝ առանց պատճառների մասին աշխատակիցներին հայտնելու: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ շրջակա գյուղերի բնակիչները կարծիք են հայտնում, որ աշխատանքների դադարեցման պատճառը պոչամբարի լցվելն է: Նրանց փոխանցմամբ՝ վերջին շրջանում Ընկերությունը պոչանքներն ուղղում է դեպի մոտակա Շնող և Դեբեդ գետերը, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: Իսկ Ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից աշխատանքների դադարեցման պատճառը ներկայացնում են որպես «հերթական պլանային կանգառ»: Արտակարգ իրավիճակների նախարարությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն է հայցել նյութում հրապարակված տեղեկությունների հավաստիության և դրանց ուղղությամբ Նախարարության ձեռնարկած գործողությունների մասին: Կազմակերպությունը հետաքրքրվել է նաև, թե ՀՀ-ում շահագործվող պոչամբարների և նրանց պատվարների տեխնիկական վիճակը վերջին անգամ երբ է ուսումնասիրվել: Իսկ Դատախազությանն ուղղված հաղորդմամբ պահանջել է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարած անձանց: Պատասխանների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее