Սույն թվականի ապրիլի 11-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Օրրանի տարեց շահառուների «Ծիածան» երգչախմբի արդեն ավանդույթ դարձած տոնական համերգը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին և Օրրանի հիմնադրման 18-րդ ամյակին: «Ծիածան» երգչախումբը հանդես կգա քաղաքային և ժողովրդական ճանաչված և սիրված երգացանկով: «Ծիածան»-ը հիմնադրվել է տարիներ առաջ՝ նպատակ ունենալով Օրրան այցելող տարեցների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր՝ ընձեռելով հաճելի ժամանց և հոգևոր սնունդ:
Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայություններ է մատուցում շուրջ 250 կարիքավոր երեխայի և 100 տարեցի շաբաթական 5 օր առավոտյան այցելում են Օրրանի վանաձորյան և երևանյան կենտրոններ, որտեղ ստանում են լիարժեք և սննդարար կերակուր, օգտվում են սոցիալական, հոգեբանական և բժշկական ծառայություններից՝ ստանալով համապատասխան օժանդակություն և իրենց հուզող հարցերի պատասխանը: Ինչպես նաև՝ տարեց շահառուները հետաքրքիր ժամանակ են անցկացնում՝ շփվելով միմյանց հետ, երգելով և մասնակցելով տարբեր միջոցառումների: Երևանյան մասնաշենքի շքասրահում դրված դաշնամուրի շուրջ երգելու սովորույթը նրանց դրդեց ստեղծելու տարեցների երգչախումբ, որը ի սկզբանե կոչվեց «Ոսկե Աշուն», այնուհետև՝ «Ծիածան»: Երգչախմբի ստեղծագործական ղեկավարն է Սիլվա Կարապետյանը:
Օրրանի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.orran.am կայք, կամ զանգահարել՝ 010- 53-51-67 հեռախոսահամարով:


