Տեղեկացրել էինք, որ Քաշաթաղի շրջանում ամրոցներ են հայտնաբերել: Հետաքրքիրն այն է, որ այս ամրոցները բացահայտվել են «Google earth» համակարգի տիեզերական լուսանկարներով:
ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ օրինակ Միրիկի ամրոցը բաղկացած է հնագիտական 3 միջավայրերից.
«Առաջինը բուն ամրոցի տարածքն է, կա քաղաքային տեղամասի հատված, ինչպես նաև դամբարանադաշտ: Ամրոցն իշխող դիրք ունի տարածքում, բացի այդ ՝ շարված են մի քանի կիկլոպյան ամրոցների մնացորդներ, որոնք միջավայրը հսկելու հնարավորություն են տվել: Ամրոցը բացառիկ պահպանվածություն ունի ու դրա շնորհիվ «կանչում» է հնագետներին: Եթե նախնական տվյալներով ժամանակագրենք համալիրները, ապա կարող ենք խոսել բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանից մինչև միջնադար ընկած մի ամբողջ պատմահնագիտական միջավայրի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Հայկ Ավետիսյանը:

Պեղումները սկսել են 2013 թվականից և 2017թ. ի թիվս այլ շինությունների՝ հայտնաբերել են մի հուշարձան, որը Զիկուրատ են անվանում, սա նշանակում է սարի կատար: Այն տաճար է՝ սարի գլխին: Ներքևից բարձրանում է աստիճանավանդակ 70 մետր երկարությամբ: Բացարձակ բարձրությունը 50 մետր է: 2 մետր լայնությամբ մուտք ունի: Աստիճանավանդակներն, ի դեպ, քարաշեն են, ինչը նշանակում է, որ սա պետական մակարդակի կազմակերպվածության արտացոլում է:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնագետ Գագիկ Սարգսյանը հայտնեց, որ վերջին տարիներին Արցախում, երբ սկսվել է հուշարձանների հաշվառման գործընթացը, հայտնաբերվեցին 1000-ավոր նոր հուշարձաններ, որոնց մասին երբեք տեղեկություն չեն ունեցել:
«Միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց է հայտնաբերվել: Սա մտնում է պատմական Սյունիքի կազմում: Կան ամրոցներ, որոնք թվագրվում են Ք.ա 3-րդ հազարամյակից մինչև 18-րդ դար: Այս ամենը կարող ենք աշխարհին ցույց տալ ու ասել՝ «Տեսե՛ք, թե Արցախում ինչպիսի՞ մշակութային շերտ կա,-նշեց հնագետը:
Արդեն պեղումների մասին ֆիլմ է նկարահանվել, բայց պեղումները դադարեցվել են՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
Անի Կարապետյան


