▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր Արամը կարգալույծ է հռչակվել․ նա այժմ Ստեփանն է

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը, հայտնում են Մայր աթոռից

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և եզրակացությունն առ այն, որ նա հրապարակային  ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին։

 Հովհաննավանքի հոգևորական Տեր Արամը Հանրայինի հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով: Մկրտիչ սրբազանը կալանավորված է։

Դիտեք նաև՝

Պաշտոնական հաղորդագրությունը՝ ստորև․ 

Կարգալույծ է հռչակվել  Տ․ Արամ քահանա Ասատրյանը

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,

Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,

Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,

Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее