Հայաստանում վճարահաշվարկային ոլորտում թվային տեխնոլոգիաների առաջատար Telcell ընկերությունն 2025 թվականից հանդիսանում է Koreez կրթական նախագծի գլխավոր գործընկերներից, ինչը հնարավորություն է ընձեռել մաթեմատիկական մրցույթին ընդգրկելու տասնյակ հազարավոր աշակերտների Հայաստանից ու Սփյուռքից։
Ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությունը՝ «Koreez 2025»-ը, որով ամփոփեցին տարվա ընթացքում անցկացված մի շարք մրցույթների, այդ թվում՝ «Koreez-Telcell-ֆիզմաթ»-ի արդյունքները։
Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ Koreez կրթական նախագծի համագործակցությունը սկիզբ է առել ավելի վաղ՝ մինչ պաշտոնական գործընկերության հաստատումը։
«Telcell ընկերության համար կրթությունը և ընդհանրապես կրթական նախագծերին աջակցելը եղել և մնում է մեր սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից մեկը և, հատկապես՝ խիստ կարևորում ենք դպրոցական, կրթական ոլորտներում մեր ներդրումն ունենալու հնարավորությունը, ինչն ընձեռեց Koreez-ը։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ լավ, կարելի է ասել, կրկին մեկնարկ է, որը ժամանակի ընթացքում իր արդյունքները ցույց կտա։ Միգուցե դա կլինի ոչ առաջիկա մեկ-երկու տարիներին, բայց երբ այս երեխաները դառնան լավ մասնագետներ, արժեք ստեղծեն մեր պետության համար, այս օրվա համար մենք կհպարտանանք»,-ասաց ընկերության գլխավոր տնօրենը։
«Koreez-Telcell-ֆիզմաթ» մրցույթը բաղկացած է օնլայն և օֆլայն փուլերից, որի հաղթողները, բացի արժեքավոր նվերներից, ամեն տարի հնարավորություն են ստանում արտոնյալ պայմաններով ընդունվելու Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց։
Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ֆանտաստիկ տոն համարեց այս տարվա մրցանակաբաշխությունը՝ նշելով, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Telcell ընկերության հետ միասին իրականացվում է մաթեմատիկական համընդհանուր տոն-մրցույթ։
«Մենք միասին հաջողեցինք տասնյակ հազարավոր աշակերտների մեջ սեր խթանել մաթեմատիկայի հանդեպ։ Այսօր հանրապետության 10 մարզերի և Երևանի շուրջ 1184 դպրոցների տասնյակ հազարավոր աշակերտներից այստեղ են եկել մաթեմատիկայի լավագույններից լավագույնները»,-նշեց Ալոյանը։
Որպես առաջադեմ ու հաջողության ուրույն բանաձևն ունեցող ընկերություն, Telcell ընկերությունը համոզված է, որ կրթությունն ու գիտելիքը մնայուն կապիտալ է, իսկ հաջողության ճանապարհը սկսվում է կրթությունից։
Այս տեսլականով՝ ընկերությունն իր ներդրումն է բերում Հայաստանի և Սփյուռքի հազարավոր հայ երեխաների համար կրթական, մասնավորապես՝ մաթեմատիկայից գիտելիքների ձեռքբերման գործընթացի խթանմանը։
«Որպես առաջադեմ ընկերություն՝ Telcell-ի ղեկավար կազմը, առաջնորդները հավատացած են, որ հաջողության մոտ 80 տոկոսը դա կրթությունն է, գիտելիքն է և շարունակական հավատը դեպի քո առաքելությունը։ Մենք միասին միավորվեցինք, որպեսզի կարողանանք այս տոնը համահայկական ու մասշտաբային դարձնել։ Համագործակցության շնորհիվ՝ այն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից․ մեզ են միացել 40-ից ավել երկրներում ապրող սփյուռքահայ երեխաներ։ է Telcell ընկերության այդ մեծ հովանոցը, հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք թակել յուրաքանչյուր ընտանիքի դուռ և ասել, որ մաթեմատիկան կարող է հասանելի լինել յուրաքանչյուր երեխայի»,-հավելեց Koreez-ի հիմնադիրը։
Մրցանակաբաշխության արարողությունը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի, ինչպես նաև «Կորիզ առարկայական» և «Koreez-Telcell-ֆիզմաթ» մրցույթի լավագույն մասնակիցներին։
Յուրաքանչյուր անվանակարգում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած 3-12-րդ դասարանի 10-ական աշակերտ արժանացավ գլխավոր, իսկ շուրջ 300 մասնակից՝ խրախուսական մրցանակների։
«Koreez-Telcell-ֆիզմաթ» մրցույթի մասնակից, Երևանի Հ․118 ավագ դպրոցի շրջանավարտ Շուշան Ալեքսանյանը կարևորեց մասնակցությունից ստացած փորձն ու դասերը։
«Մաթեմատիկայի հանդեպ իմ սերը մեծ է։ Մրցույթի մասին եղբորիցս եմ իմացել ու մասնակցել։ Հարցերը շատ հետաքրքիր էին կազմված։ Խորհուրդ կտամ ընկերներիս, որ մասնակցեն, իսկ ես իմ աջակցությունը կունենամ նրանց մասնակցությունը խթանելու համար»,-ասաց մրցույթի մասնակիցը։
Մրցանակաբաշխությանը արժեքավոր նվերներով պարգևատրվեցին նաև հաղթող աշակերտների ուսուցիչները, տնօրեններն ու դպրոցները։
Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան Հ․27 հիմնական դպրոցի փոխտնօրեն Գայանե Ավետիսյանը ողջունեց Koreez-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող աշխատանքը։
«Հիանում եմ այդ աշխատանքներով, որովհետև երեխաներին այնպիսի աշխատասիրություն, նպատակասլացություն է հաղորդում, որ ուղղակի բառերով պատմել անհնար է։ Ցանկանում եմ, որ երկար ճանապարհ անցնի և մեր հանրապետության երեխաներից բացի ընդգրկի աշխարհով մեկ սփռված հայ համայնքներում գտնվող աշակերտներին»,-ընդգծեց փոխտնօրենը։
«Koreez -Telcell-ֆիզմաթ» մրցույթի գլխավոր մրցանակակիրները պարգևատրվեցին, պլանշետներով, նոթբուքերով, ականջակալներով ու սմարթֆոններով։
Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տոնական շքեղ համերգային ծրագրով, որն ամփոփվեց Koreez-ի հիմներգով։