Hraparak.am-ը գրում է.
Հայկական շոու-բիզնեսի ամենաեթերային, ամենաքնքուշ ու ամենասիրելի ներկայացուցիչներից մեկի՝ Քրիստինե Պեպելյանի մասին է մեր շարքի այսօրվա անդրադարձը: Արթուր Գրիգորյանի Երգի թատրոնից սերած ու տարիներ առաջ հայկական էստրադայի լավագույն բարձունքներից մեկը նվաճած այս երգչուհին շարունակում է մնալ ամենից սիրվածների շարքում, իսկ տարիները նրան միայն ավելի ու ավելի են շնորհում փառք, գեղեցկություն, հմայք ու տաղանդ: 36-ամյա երգչուհին ծնվել ու մեծացել է Երևանում, ապրել առանց հոր: Մի քանի հրապարակում դարձած խոսակցությունների համաձայն, Քրիստինեն ու նրա մայրը բավական բարդ կյանքով են ապրել, սոցիալական կարիքի մեջ, միայնակ մեծացնելով, մայրը կատարել է տարբեր աշխատանքներ՝ դստեր ապագան հնարավորինս գունավոր ու կայացած դարձնելու համար: 5 տարեկանից փոքրիկ, տաղանդավոր աղջիկը հաճախում է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, իսկ դպրոցն ավարտելու տարվան զուգահեռ, սովորել և ավարտել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, հետո սովորել Հայաստանի Երգի պետական թատրոնում, աշխատել այնտեղ որպես մեներգչուհի: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, զուգահեռ դասավանդելով Երգի պետական թատրոնին կից քոլեջ-ստուդիայում: Երգել է նաև «Ջեզզլ» աղջիկների ջազ երգչախմբում:
Երաժշտական գործունեության նախանձելի սկիզբ դրած երգչուհին իր ուժերը փորձել է նաև երգարվեստից դուրս, աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը, մի քանի անգամ տարբեր երաժշտական նախագծերում հանդես է եկել նաև որպես ժյուրիի անդամ: Իր հարցազրույցներից մեկում Պեպելյանը նշել է, որ ուրիշ երգչուհիների պես չի պատկերացնում իրեն էլ որևէ հեռուստասերիալում, այնուհետ անկեղծացել, որ եթե երբևէ նկարահանվի ֆիլմում, խաղալու է միայն որևէ կոմիկ կերպարում, կատակերգական դերում, ինչպիսին իրեն չի պատկերացնում հանդիսատեսը:
Երկրպագուները Քրիստինեին առավել ընկալում են որպես մելամաղձոտ ու լիրիկական երգերի կատարող, որպես սկանդալներից ու աղմկոտ պատմություններից հեռու երգչուհու, ում կերպարի եթերային լինելը երբեք չի փոխվել ու իր կերպարից չի հեռացել երգչուհին: Իր երգացանկում ընդամենը հաշված երգեր կան, որոնք ուրախ ու ռիթմիկ երանգներով են, իսկ առավել շատ տխուր ու թեմատիկ երգերի կատարող է Քրիստինեն, նրա տեսահոլովակները գրեթե միշտ ինչ-որ պատմության մեկնարկի կամ ավարտի մասին են:
Հյուրախաղերով և մենահամերգներով երգչուհին եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Հարցազրույցներից մեկում նշել է, որ սիրում է իր աշխատանքը նաև այն պատճառով, որ երգը թույլ է տալիս շրջագայել աշխարհով, տեսնել ու ճանաչել աշխարհը, սակայն իր երկրից ու հարազատ քաղաքից հեռանալ չի պատրաստվում: Քրիստինեն թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է շուրջ 2 տասնյակ տեսահոլովակ, բոլորն էլ՝ հրաշալի մեկնաբանություններով ողողված, աշխատանքների համար ստացել բազմաթիվ մրցանակներ, երգել դուետով Ֆլորա Մարտիրոսյանի հետ, ում հետ բավական մտերմիկ հարաբերություններ ուներ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Քրիստինե Պեպելյանի եզրափակիչ խոսքն իրեն վիրավորողների և վերջին աղմկհարույց պատմությունների մասին