▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիներ անց` Հովոն և «Որոգայթ»-ը վերադարձել են...

Երեկ` նոյեմբերի 19-ին,  «Մոսկվա»  կինոթատրոնում  կայացավ «Որոգայթ»  հայտնի սերիալի հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի պրեմիերան: Տարիներ առաջ «Որոգայթ»-ը հայկական ամենադիտված և քննարկված սերիալն էր համարվում: Այն առաջինն էր ոչ միայն որպես հայկական սերիալ (ավելի վաղ նկարահանվել էր միայն «Վերվարածները», որից և սկիզբ էր առել նաև «Որոգայթ»-ը), այլ նաև` իր արծարծած խնդիրներով: «Որոգայթ»-ը ներկայացնում էր քրեական աշխարհի կյանքի բոլոր մանրամասները և բախումները: 

Տարիներ անց նույն ստեղծագործական թիմը ռեժիսոր Ռոման Մուշեղյանի գլխավորությամբ էկրաններ հետ բերեց Հովոյին, ում կերպարը նախկինի պես մարմնավորում է Հարություն Մովսիսյանը: Թեման և խնդիրները գրեթե նույնն են, միայն թե այս անգամ «Որոգայթ»-ի հին թիմին միացել են նաև նոր դերասաններ, ինչպես նաև լսարանն այս անգամ երիտասարդ Հովոյին տեսնելու  հնարավորություն ունի, ում էլ մարմնավորել է Սարգիս Գրիգորյանը: Հենց նրա կերպարի շնորհիվ էլ  պարզ է դառնում, թե ինչպե՞ս և ինչո՞ւ Հովոն դարձավ քրեական աշխարհի ներկայացուցիչ: Քրեական բախումներին զուգահեռ ֆիլմում ներկայացված են նաև Հովոյի սիրային ապրումները: Բաժանումից հետո տարիներ անց Հովոն  սիրահարված է, սիրո օբյեկտն էլ Անահիտն է (Ելենա Բորիսենկո): Ինչպես նաև ֆիլմում վերջապես բացահայտվում է Ռուդոլֆի առեղծվածը: 

Ավանդական կարմիր գորգից հետո նախքան ֆիլմի ցուցադրությունը, բեմ բարձրացան ֆիլմի ստեղծագործական թիմը: Իրենց շնորհակալան խոսքը հայտնեցին ռեժիսոր Ռոման Մուշեղյանը և «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը: Վերջինս նաև նշեց, որ ԱՊՀ-ում Հայաստանը երրորդ երկիրն է Ռուսաստանից և Ուկրաինայից հետո, որտեղ կա սերիալների արտադրություն, ինչպես նաև հիշեցրեց, որ «Որոգայթ»-ի ստեղծագործական թիմը միակն է, ում հաջողվել է հայկական սերիալի սցենարը վաճառել Ռուսաստանին:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ «Որոգայթ»-ի նկարահանման համար ծախսվել է մոտ 400 հազար դոլար, ինչը բավական մեծ գումար է համարվում հայկական կինոարտադրության համար:

Հիշեցնենք, որ «Որոգայթ»ում նկարահանվել են Հարություն Մովսիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Սարգիս Գրիգորյանը, Սամվել Փիլոյանը, Արթուր Դարբինյանը, Գարիկ Չեպչյանը, Վարդան Հովսեփյանը, Բորիս Պեպանյանը, Ելենա Բորիսենկոն, Գրիշա Աղախանյանը, Սոս Ջանիբեկյանը, Ստեփան Ղամբարյանը, Արփի Գաբրիելյանը, Մարջան Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը և այլոք: 

Նոյոմբերի 19-ից «Որոգայթ» գեղավերստական ֆիլմը կարելի է դիտել մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее