Երգչուհի Սյուզի Մելիքյանը Wnews.am-ին տված հարցազրույցում կիսվեց իր գեղեցկության գաղտնիքներով։
-Սյուզի, մաշկի խնամքի ի՞նչ միջոցներ եք օգտագործում առավոտյան։
-Ինչպես բոլորը, օրս սկսում եմ մաշկս լվանալով։ Օգտագործում եմ հեղուկ օճառ, որը նախատեսված է իմ մաշկի տեսակի համար (Սյուզի Մելիքյանի մաշկը պատկանում է կոմբինացված մաշկի տեսակին)։
Ձմռանը, օրինակ, օգտագործում եմ կրեմային պարունակությամբ օճառներ, որպեսզի մաշկս չչորանա, իսկ ամռանն ավելի թեթեւ պարունակությամբ օճառներ, որպեսզի հանվի մաշկիս յուղայնությունը։ Լվացվելուց հետո դեմքս մաքրում եմ հատուկ լոսյոնով, կրեմ քսում եւ սկսում դիմահարդարվել։
-Դուք ամեն օր պարտադիր դիմահարդարվու՞մ եք։
-Այո, որովհետեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր կին պետք է տարբերվի տան եւ դրսի կերպարով։ Եթե տանից դուրս ես գալիս, պետք է շպարվես, ինչպես օրինակ հագուստի դեպքում է, չէ՞ որ տնային հագուստով դուրս չես գա։ Դա կապ չունի կնոջ գեղեցկության հետ, նա կարող է առանց շպարի էլ շատ գեղեցիկ լինել, սակայն դուրս գալիս պետք է շպարված լինի։ Բախտս բերել է, որ կարողանում եմ ինքս ինձ դիմահարդարել։
-Դիմակներ հաճա՞խ եք օգտագործում։
-Այո, կոնկրետ ապրանքանիշերը չէի ցանկանա նշել, բայց իմ մաշկի տեսակի համար նախատեսված դիմակներ օգտագործում եմ։ Ինքս տնային պայմաններում դիմակներ չեմ պատրաստում, այլ նախընտրում եմ արդեն իսկ պատրաստի դիմակներ, օրինակ, սեւ վարդի դիմակ եւ այլն։
-Հաճա՞խ եք SPA կենտրոններ այցելում։
-Այո այցելում եմ։ Ես չեմ սիրում մաշկս հաճախակի տրավմաների ենթարկել, այդ պատճառով էլ պիլինգների հազվադեպ եմ գնում։ SPA կենտրոններում մերսումներ եւ վաննաներ եմ ընդունում։
-Վարսերի խնամքի մասին ինչ՞ կասեք, հաճա՞խ եք հարդարում վարսերը։
-Այո, բավականին հաճախ եմ հարդարում, որովհետեւ այլ ելք չունեմ։ Վարսերիս հաճախակի դիմակներ եմ դնում։
-Ձեր անունը հաճախ է շրջանառվում որպես շատ շպարվող երգչուհի։ Ինչպե՞ս եք վերաբերում նման գնահատականներին։
-Չեմ էլ ուզենա արձագանքել այդ մեղադրանքներին։ Եթե կինը չի համարում, որ շատ է շպարվում, դրանից չի նեղվում։ Ես չեմ համարում, որ շատ շպարվող եմ եւ չեմ ընդունում նմանատիպ մեկնաբանությունները, կարող են խոսել, ես դրանից չեմ նեղվում։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում