Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը երկարատև ընդմիջումից հետո էկրաններից այն կողմ «Բարև երկիր» հաղորդաշարից կրկին բարի լույս կմաղթի իր հավատարիմ երկրպագուներին: Այս առիթով Asekose.am-ը կապ է հաստատել հաղորդավարուհու հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է առաջարկի և նոր նախագծի մասին:
Ինչպե՞ս եղավ առաջարկը և ինչպե՞ս ստացվեց, որ կրկին հայտնվեցիք առավոտյան ծրագրում:
Առաջարկը վաղուց էր քննարկվում, այն պահից սկսած, երբ մենք թողեցինք մեր առավոտյան ծրագիրը, որից հետո Ժակը անմիջապես տեղափոխվեց Երկիր Մեդիա հեռուստաընկերություն: Հենց սկզբից կային այդ խոսակցություններն ու առաջարկը, ուղղակի ես դեռ պատրաստ չէի կրկին եթերում լինելու, այդ պատճառով էլ հետաձգեցինք գործընթացը:
Դուք շատ բծախնդրորեն էիք մոտենում այն նախագծին կամ հաղորդմանը, որը պետք է լիներ առջևում, և նշում էիք, որ հոգնել եք առավոտյան բարի լույս մաղթելուց ու այլ տաղավարում եք Ձեզ ցանկանում տեսնել: Այս դեպքում դուք ընդունեցիք այն ինչ առաջարկվո՞ւմ էր:
Կարելի է այդպես ասել, միևնույնն է ես շարունակում եմ բծախնդրորեն վերաբերվել, քանի որ միշտ չէ, որ ցանկությունները հնարավորություններին համապատասխանում են և ժամանակ առ ժամանակ ստիպված ես լինում հարմարվել այն ամենին, ինչ կա, կամ ինչի հնարավորությունը կա: Այնուամենայնիվ, սա հունի մեջ ընկնելու և հետո ինչ-որ նոր բաների փորձի տարբերակն է:
Հետաքրքիր է` ի՞նչ եք ցանկանում, ի՞նչ նախագծում եք Ձեզ պատկերացնում, որի առաջարկն այդպես էլ չեք ստանում:
Պատկերացնում եմ ինձ ինչ-որ նոր նախագծում, որ դեռ չի արվել կամ չի արվել այնպես, ինչպես որ պետք է: Համենայն դեպս միշտ ինձ մոտ ինչ-որ նոր բան անելու ցանկություն կա: Իսկ այս հաղորդաշարում բոլորն իմ մտերիմ ընկերներն են, կարծես թե բոլորս հավաքվել ենք մի տեղում, ու դա պարզապես շատ գայթակղիչ էր:Հույս ունեմ այս միասնությունն էլ հնարավորություն կտա ուս-ուսի տալով ժամանակի ընթացքում ստեղծել նոր ու ինչ-որ հետաքրքիր ծրագիր:
Ի՞նչ կասեք, այն մարդկանց, ովքեր այս ամբողջ ընթացքում հեռուստացույցից այն կողմ սպասում էին Ձեզ:
Փաստորեն կային մարդիկ, ովքեր իսկապես սպասում էին ինձ, ու դա էլ իր հերթին շատ էր պարտավորեցնում: Ուզում եմ ասել, որ ես իրենց շատ սիրում եմ: Ու շնորհակալ եմ բոլոր ոգեշնչող խոսքերի և ինձ «տոնուսի մեջ» պահելու համար, ինչն էլ ստիպեց անպայման վերադառնալ եթեր:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան