Թուրքիայում պոլսահայ ոսկերչի սպանության գործով վերջնական վճիռ է կայացվել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ՀՀ քաղաքացիներ Արթուր Այվազյանին, Արամ Հովհաննիսյանին և Սերգեյ Միքայելյանին: Վերջիններս մեղադրվում են Ստամբուլում բնակվող 85-ամյա հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին դիտավորյալ սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ, ինչպես նաև Հակոբ Դեմիրջիի կնոջ՝ Սեդա Աիդա Դեմիրջիի նկատմամբ «կանխամտածված սպանության փորձ» կատարելու մեջ:
Գործով անցնող ևս 9 ՀՀ քաղաքացի կանայք արդարացվել են՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով: Նրանցից 6-ը, որոնք ավելի վաղ ազատազրկված չեն եղել, ներկա են գտնվել վերջին դատական նիստին, իսկ մյուս 3-ը նիստին չեն մասնակցել: Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:


