Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սրբուհի Սարգսյանը «Allusion» բենդի հետ համատեղ մեծ անակնկալ ունի. շատ շուտով նրանց երկրպագուները հնարավարություն կունենան ձեռք բերել «Allusion» բենդի առաջին ձայնասկավառակը, ուր տեղ են գտել յոթ քավեր գործեր.
«Վերջապես լույս է տեսել մեր առաջին ձայնասկավառակը, որը բաղկացած է յոթ երգերից: Ձայնասկավառակն արդեն կա, բայց շնորհանդես դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ մեծաքանակ տարբերակով պատրաստ չէ: Իհարկե, դա էլ չի ուշանա. առաջիկայում կկազմակերպենք շնորհանդես, որից հետո ցանկացողները կկարողանան ձեռք բերել մեր առաջին ձայներիզը: Նկատեմ, որ սա բավականին ծավալուն աշխատանք էր, քանի որ բոլոր գործիքները կենդանի ձայնագրել ենք, համաշխարհային հայտնի երգերին տվել ենք մեր ձեռագիրն, ինչը կարծում եմ, հավանության կարժանանա: Ի դեպ, մեր ձայնասկավառակի պահանջը կարծես թե դրսում էլ կա, ուստի նոր այն հասանելի կլինի նաեւ Հայաստանից դուրս,- մեզ հետ զրույցում նշեց Սրբուհի Սարգսյանն ու ավելացրեց,- մեզ տարբեր ակումբներում լսած հանդիսատեսը իսկապես պահանջում էր ձայնասկավառակ թողարկել, նրանք հաճախ մոտենում էին մեզ ու ասում, որ ուզում են մեզ լսել նաեւ իրենց մեքենայի մեջ, տանը: Շատ երկրպագուներ ունենք նաեւ արտերկրից, ովքեր Հայաստան այցելելով ու մեզ լսելով, ուզում էին մեր ձայնասկավառակը տանել իրենց հետ: Ուրախ ենք, որ ունենք մեզ սիրողների փոքրիկ բանակ եւ հույս ունենք, որ այն գնալով իր սահմանները կընդլայնի: Ի դեպ, երբ մեր խումբը նոր-նոր էր կազմավորվում, բոլորիս մի երազանք էր համախմբում՝ մեր միջոցով ներկայացնել որակյալ երաժշտություն եւ տարածում ունենալ, իսկ ձայնասկավառակը կօգնի մեր երազանքի ճանապարհով ավելի վստահ քայլել»:
«Allusion» բենդի ծրագրերը ձայնասկավառակով չեն սահմանափակվել. Սրբուհին տեղեկացրեց, որ պլանավորում են յուրահատուկ համերգ կազմակերպել. «Գարնան վերջին կամ ամռան սկզբին ծրագրում ենք յուրահատուկ համերգ կազմակերպել, որի նմանը Հայաստանում դեռեւս չի եղել: Այս օրը կլինի հետաքրքիր շոու, բայց մանրամասներ չեմ ուզում հայտնել: Արդեն սկսում ենք երգերի ընտրությունը ու այլ մանրամասների հետ կապված աշխատանքները: Այն լինելու է ակումբային շատ հետաքրքիր համերգ. Շատ ոգեւորված եմ սպասում, մինչեւ չանեմ այն, չեմ հանգստանա: Ճիշտ է՝ դա դժվար փորձություն կլինի, բայց հուսամ կհաջողենք»,- պատմեց Սրբուհի Սարգսյանը:
Սրբուհու խոսքերով՝ բենդը չի մոռանա նաեւ տեսահոլովակի մասին. «Ձայնասկավառակից եւ համերգից հետո հաջորդ քայլը հենց տեսահոլովակն է, որի մասին մտածում ենք: Ձայնասկավառակում տեղ գտած յոթ երգերից մեզ համար լավագույնը պետք է ընտրենք, որի հիման վրա կնկարահանվի գուցե ոչ այնքան ծախստար տեսահոլովակ, բայց կլինի տեսանյութ, որիպեսզի մեր երկրպագուները մեզնից վիդեո տարբերակ եւս ունենան, քանի որ այն, ինչ այս պահին մեզ հետ կապված կա համացանցում, ամբողջն անորակ տեսանյութեր են: Իրականում մենք իսկապես շատ զբաղված ենք, բայց գիտակցում ենք, որ մեր զբաղվածությանն զուգահեռ պետք է չմոռանանք նաեւ այն ամենի մասին, ինչն ուղղակի անհրաժեշտ է, իսկ այս պարագայում մեր կատարմամբ տեսանյութ կամ տեսահոլովակ ունենալն իսկապես անհրաժեշտություն է»,- նկատեց երգչուհին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում