▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբազան, մի գնացեք, թող գան՝ փորձեն զոռով տանեն․ քահանաները` Միքայել Սրբազանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռի բակում հայտնեց, որ Միքայել Սրբազանը կմեկնի Քննչական կոմիտե իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն Վեհարանում․ «Այնտեղ կհամախմբվենք, քննարկում կունենանք, եզրահանգում կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, եկեղեցականների, հոգորականների, և երկրի նկատմամբ»,-ասաց Վեհափառ Հայրապետը։

Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լարված իրավիճակ է։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները գտնվում են այնտեղ։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև, կադրերով երևում է, որ Գարեգին Բ-ն ևս այնտեղ է, թույլ չի տալիս, որ բախում տեղի ունենա։

***

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին մտան Վեհարան։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։

***

Սրբազան, մի գնացեք,  թող գան՝ փորձեն զոռով տանեն․ քահանաները` Միքայել Սրբազանին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ակնհայտ է, որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է կատարվում։ Հիմա ընթացակարգն այսպես է լինելու` երբ սրբազանը ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան` կալանքի հարցը լուծելու համար։ Դա դատարանում քննվելու է, որոշվելու է` նա կալանավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր գնահատմամբ` սա ակնհայտ քրեական ապօրինի հետապնդում է։ Սրբազանի համար փաստաբանական թիմ է ձևավորված։ Մենք ամեն ինչ կանենք սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար»,– ասաց  փաստաբանը։

Դիտեք նաև՝

***

Փաստաբան Միհրան Պողոսյանը Մայր Աթոռից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս պահին քահանաները պատրաստվում են Քահանայաց ժողովին, որը նախագահում է Միքայել Սրբազանը։ Նա հայտնեց, որ Սրբազանը տեղեկացվել է, որ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում, որի մասին նախապես չի իմացել։

***

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեր հայրենակիցների կալանավորումները, ինչպես նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը միանշանակորեն բացահայտում են դրանց քաղաքական դրդապատճառները։ Այստեղ այլևս ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ գործ ունենք։ Մենք իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում։ Ճնշվում է ոչ թե հանցանքը, այլ՝ ընդվզումը, հետապնդվում է ոչ թե մեղավորը, այլ՝ արժեքների պաշտպանության ճիչը։
Սակայն, որքան էլ այս գործողությունները մշակված ու համակարգված թվան, դրանց իրագործման կերպը օրեցօր մատնում է խորացող խուճապը։ Որոշումները կայացվում են ոչ թե սառնասրտորեն, այլ շտապողականությամբ՝ հաճախ անկազմակերպ, անգամ հակասական։ Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։
Այս պայմաններում իշխանության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ հիշեցնում է կրակը մարելու փորձ՝ այնտեղ, որտեղ բոցը դեռ չի բռնկվել։ Բայց հենց այդ քայլերով է, որ նրանք բորբոքում են այն։
Այդուհանդերձ, պետք է չկորցնել իրականության ողջ պատկերը․ հասարակությունը դեռ գտնվում է զայրույթի՝ տակով հոսող, բայց դեռ չպայթած լռության փուլում։ Քաղաքացիական էներգիան կուտակվում է, և հասարակական դիմադրության հզոր ալիքը՝ չնայած դեռևս ամբողջապես չի հասունացել, անխուսափելիորեն մոտենում է իր ճեղքումին։
Այս իրողության պայմաններում մեր առաջադրանքը միայն վերլուծելն ու արձանագրելը չէ։ Մենք կոչված ենք գործելու։ Մեզանից յուրաքանչյուրին հասած «քաղաքացիական տնային աշխատանքը» մեկն է՝ վերաիմաստավորել մեր դերը այս գործընթացում, լինել սթափ ու գործուն, չվախենալ համախմբվելուց և չվարանել ներգրավվելուց։ Միայն համառությամբ, սկզբունքայնությամբ և միասնությամբ է հնարավոր դիմագրավել այս մթագնող շրջափակումը։ Միայն այդպես կարող ենք պաշտպանել մեր երկիրն ու պետականությունը, վերականգնել արժանապատվությունն ու արդարությունը և պետության քաղաքական կյանքը վերադարձնել ժողովրդավարության ու արժեհամակարգային ակունքներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее