▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասում ենք, որ մեզնից ներողություն խնդրեն. հացադուլ հայտարարած ուսանողների պատասխանը` ԵՊՀ ռեկտորին

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը «ժամանակավրեպ քայլ» է որակել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների այսօր սկսած հացադուլը։

Արամ Սիմոնյանին պատասխանել են հացադուլ անող երիտասարդներն, ովքեր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեցին իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին ու քննադատություններին:

Յուրի Ավագյանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքը ԵՊՀ ուսանող չէ և հեռացվել է անբավարար առաջադիմության պատճառով: 

Յուրի Ավագյանը եթերում պատմեց, որ ստիպված է եղել ընդհատել ուսումը: Չնայած դրան՝ իրեն համարում է ԵՊՀ ուսանող և շարժմանն էլ որպես պետհամալսարանի ուսանող է միացել:   

«Ես ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան՝ 2013 թվականին, այնուհետեւ զորակոչվել եմ բանակ՝ չստանալով տարկետում: Վերադարձել եմ եւ ուսումս շարունակել առաջին կուրսից: Սովորել եմ երկու կուրս: Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում  առհասարակ չեմ մասնակցել ոչ մի քննության: Ինչի՞ համար, հարց է  առաջանում: Ես ստիպված եմ եղել աշխատել՝ իմ գոյությունը պահպանելու համար, ոնց որ շատ ու շատ ուսանողներ: Մարդիկ կան, որոնք փոխում են հեռակա, մարդիկ կան, որոնք առհասարակ չեն շարունակում ուսումը: Իմ կյանքում այնպիսի իրավիճակ է եղել, որ ես այդ ժամանակ ուղղակի ֆիզիկապես չէի կարող մասնակցել քննություններին, որովհետեւ երկուսից-երեք տեղ էի աշխատում»,- ասաց Յուրի Ավագյանը:

Շարունակելով՝ նա նշեց. «Չներկայանալու պատճառով ինձ զանգահարել են, տեղեկացրել են, որ պետք է հեռացնեն: Ես ասել եմ՝ լավ, թող հեռացումը լինի, ես թեկուզ մի տարի հետ կընկնեմ, կգամ՝ իմ ուսումը կշարունակեմ: Ես հիմա ինչ որ ասում եմ, օրինական գործընթաց է, ցանկացած ուսանող կարող է մի տարով հետ ընկնել տարբեր պատճառներով: Եթե սա (ռեկտորի հայտարարությունը-խմբ.) ինչ-որ մեսիջ էր, որ այլեւս ուսումս չեմ կարող շարունակել կամ ինչ-որ բան՝ չգիտեմ: Համենայն դեպս, ես փորձելու եմ շարունակել՝ անկախ ռեկտորի արած հայտարարությունից»:

Յուրի Ավագյանը եղել է սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի ուսանող:

Դավիթ Պետրոսյանն անդրադարձավ այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ուսանողների շարժումն ուղղորդվում է, ինչպես նաեւ ֆինանսավորվում Սորոսի հիմնադրամի կողմից: Դրանց հեղինակը նույնպես օրինակ ԵՊՀ ռեկտորն է: «Ես հասկանում եմ, որ մենք նեղություն ենք տալիս, ուղղակի կարիք կա, որ այդ խոսքերը, որոնք ասվել են մեր հասցեին, հիմնավորվեն: Մենք սպասում ենք այդ հիմնավորումներին: Եթե դրանք չլինեն, սպասում ենք, որ մեզնից ներողություն խնդրեն: Ուղղորդվել, ֆինանսավորվել. սրանք անհիմն վիրավորոնանքեր են, որոնք հարիր չեն մարդկանց»,- ասաց հացադուլ անող ուսանողը:

Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մասնավորապես ասել էր. «Մենք չենք խանգարում նրանց, ժամանակավրեպ բան է. այդքան հանդիպումներ եղան, քննարկումներ եղան, բացատրություններ եղան։ Ժամանակավրեպ քայլ է, և բացարձակ որևէ դրական հետևանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։ Դա իրենց խնդիրն է։ Ուսանող են, իրենց իրավունքն է մտնել լսարան, իրավունք ունեն համալսարանում լինել, մենք ոչ մի բան չենք պատրաստվում անել, ուղղակի քննաշրջան է սկսվում՝ ընթացիկ քննություններ և ստուգարքներ են, ուղղակի դրանք չխանգարվեն»:

Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ կրկին հացադուլ է սկսել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում՝ բողոքելով զինծառայության մասին օրենքի դեմ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее