Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի նշանակալից հաղթանակներից մեկն է: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին: Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Շուշին մեզ համար շատ կարևոր հենակետ էր ու ազատագրելուց հետո ջարդեցինք թուրքի մեջքը: Լավ բան չեմ ասում, բայց գեղեցիկ էր, երբ որ տեսնում էինք՝ ինչպես է այրվում Շուշին: Այդ կետից էին հարվածում Ասկերանին, Ստեփանակերտին: Վերջապես այդ կրակով սրտներս հովացավ ու հանգստացավ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օդաչու, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի և «Արիության համար» մեդալի կրող Միքայել Անդրեասյանը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված անօդաչու սարքերին, Միքայել Անդրեասյանը նշեց, որ մի քանի առաջարկ են արել ՀՀ ՊՆ-ին, որոնք ընդունվել են:
Անի Կարապետյան