168.am-ը գրում է, որ զրուցել է դերասան և երգիչ Հայկ Պետրոսյանի հետ իր նոր՝ «Սուրբ Վալենտի՞ն, ոչ՝ Սուրբ Սարգիս» ներկայացում-համերգի մասին, որը կայանալու է փետրվարի 14-ին:
– Վերնագրի ընտրությունը «հայրենասիրական» պոռթկո՞ւմ է:
– Նաև՝ դա: Իրականում պետք չէ շատ լրջացնել վերնագիրը, հատկապես, երբ այն կատակելու մեծ հնարավորություն է տալիս: Ներկայացման ժամանակ պատմելու եմ և՛ Սուրբ Վալենտինի, և՛ Սուրբ Սարգսի պատմությունները: Դա արվելու է միմիայն երգիծանքով: Հայաստանում երիտասարդներն ավելի շատ գիտեն Սուրբ Վալենտինի մասին, քան՝ Սուրբ Սարգսի: Լավ է, որ ժամանակին Արամ Ասատրյանը մի երգ երգեց՝ «Սուրբ Սարգիս ես կգնամ»: Ահագին «ռասկրուտկա» եղավ մեր Ս. Սարգիսը: Վստահորեն կարելի է ասել, որ Սուրբ Սարգսի PR մենեջերն Արամ Ասատրյանն էր:
– Սբ.Վալենտինը գեղեցիկ տոն է, սակայն չե՞ք կարծում, որ արհեստականորեն է «հայիֆիկացվել»:
– Ես դեմ չեմ Սուրբ Վալենտինին: Երբ ուսումնասիրում ենք պատմությունը, ապա Վալենտինն ավելի շատ է կապված սիրո թեմայի հետ, քան Սբ. Սարգիսը: Սբ. Սարգիսն ավելի շատ կրոնական, եկեղեցական կերպար է: Նա Սբ. Վալենտինի պես գաղտնի սիրահարված զույգերին չի ամուսնացնում: Մենք՝ հայերս, շատ լուրջ ազգ ենք, և մեր սրբերը նման «տափակ» բաներ չեն անում: Մեզ մոտ լուրջ ու դաժան է ամեն ինչ: Մեր Սբ. Սարգիսը զորավար է եղել, լուրջ տղա: Եվ հիմա նրա հետ մրցում է ինչ-որ Վալենտին՝ համարյա Վալենտինկա:
– Պարզապես գլոբալիզացման հերթական դրսևորո՞ւմ է:
– Կատակները մի կողմ թողնելով՝ պետք է այդ ամենը դիտարկել՝ որպես արժեհամակարգ: Խնդիրը լավ ու վատի մեջ չէ: Ամբողջ աշխարհում է գնում գլոբալիզացման գործընթաց: Երկրները ժամանակի ընթացքում պարզապես կտրվում են իրենց էթնիկ պատկանելությունից: Օրինակ, հայկական ավանդական հարսանիքներում այսօր արդեն ազգագրական պարերն անգամ շատ քիչ են լինում: «Because am happy»-ին ավելի հավեսով են պարում: Բան չունեմ ասելու՝ ժամանակներն են այդպիսին: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. ուրիշինն ընդունելով՝ մենք մերն ուղղակի կորցնում ենք:
– Միգուցե մենք պարզապես չե՞նք ճանաչում մերը: Ինչ էլ գիտենք՝ «սիրողական» մակարդակի է:
– Դա շատ ավելի լուրջ խնդիր է: Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական դրությունը, երբ ազգապահպանման խնդիր կա, մենք պետք է ճանաչենք մերն ու գնահատենք այն: Մենք պետք է կառչած լինենք մեր արժեքներից: Ես իսլամի «բալելշչիկ» չեմ: Բայց, օրինակ, մահմեդականներն օրը 5 անգամ աղոթում են:
– Պարզապես մահմեդականը շատ հստակ գիտի, թե ինչո՞ւ է օրը մի քանի անգամ աղոթում: Նրանք երեխայի ծնված օրից սերմանում են իրենց կրոնական արժեքները:
– Այո, նրանց կապն Աստծո հետ ավելի ուժեղ է: Նրանք կառչած են իրենց արժեքներից:
– Դե՛, մեր հույսը «հայու գենի» վրա է: Ի դեպ, այս թեման շոշափվելո՞ւ է «հայրենասիրական» Ձեր ներկայացման մեջ:
– Հայու գենն ու հայու գեյը… Ծիծաղելի է անգամ այդ թեմային անդրադառնալը: Այդ զրույցներն ու քննարկումները համացանցում պարզապես աբսուրդի ժանրից էին: Ի դեպ, նոր ներկայացում եմ գրում: Կոչվելու է «Լավը, վատը, ճիշտը»: Իմաստը նրանում է, որ աշխարհի բոլոր մարդիկ ունեն լավ և վատ կողմ, սակայն հայի դեպքն այլ է: Հայի մոտ կա նաև երրորդ որակը՝ «քյառթը»: Եվ ամեն հայ իր «քյառթն» ունի՝ միայն իրեն հասկանալի ճիշտը: Լինի մտավորական թե 5 տարեկան փոքրիկ աղջիկ՝ եթե նա հայ է, ապա նա ունի իր հայու քյառթը:
– Ո՞վ է Ձեր հանդիսատեսը:
– Մամաս, Գիգոն և մի երկու անծանոթ աղջիկ: Հիմնականում երիտասարդներն են գալիս: Հաճախ եմ նկատում, որ ավագ սերունդն իր հետ փոքրիկ երեխաների է նաև բերում իմ ներկայացումներին:
– Անցե՞լ է այն շրջանը, երբ հանդիսատեսը գալիս էր տեսնելու Վարդան Պետրոսյանի որդուն և ներկայացման ավարտին նոր ընդունում էր, որ բեմում Հայկ Պետրոսյանն էր: Թե՞ դեռ վաղ է այդ մասին երազել:
– Ինչ-որ քայլեր դեպի առաջ արվել են: Ես չեմ կարծում, որ կայացել եմ այնքան, որ ընդունվեմ միայն՝ որպես Հայկ Պետրոսյան, հետո նոր միայն՝ Վարդան Պետրոսյանի որդի: Բայց այդ օրն էլ կգա: Դա նորմալ է, երբ գալիս են իրենց Վարդանի որդուն տեսնելու բեմում: Շատ անգամներ, անծանոթ մարդիկ, երբ իմանում են, թե ով է հայրս, իրենց անկեղծ սերն ու հարգանքն են հայտնում ինձ: Սակայն ես հստակ գիտակցում եմ, որ դա պապայի հեղինակության շնորհքն է: Ինձ մնում է միայն այդ ամենը գետնով չտալ: Ես դրան դրական եմ վերաբերվում:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում