▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սորանի այգու» տնօրենը` բանակում չծառայելու, հոգեբուժարանում հայտնվելու և իր աշխատանքից պատկերացում չունենալու մասին

Asekose.am-ն իր ընթերցողներից մեկից նամակ է ստացել, որի հեղինակը նշում էր, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող «Սորանի այգի» կոչվող դենդրոպարկի տնօրեն Դավիթ Աթոյանը,  մասնագիտական  որևէ կրթություն չունենալով հանդերձ, նշանակվել է 65 հա տարածք զբաղեցնող հիմնարկության տնօրեն,առանց պատկերացում ունենալու իր առջև դրված խնդիրների մասին: Asekose.am-ը թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով զրուցել է Դավիթ Աթոյանի հետ:

«Ես աշխատել եմ «Բերդի անտառպետությունում» որպես անտառապահ: Ունեմ տնտեսագետի մասնագիտություն, պարզապես մինչև հիմա չեմ ավարտել կրթությունս, բայց ընթացքի մեջ է: Պատճառն այն է, որ սկզբում բանակի հարց է առաջացել, հետո ժամանակս չի ներել, հետո այստեղ չեմ եղել` մեկնել եմ Ռուսաստան: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ես ընդհանրապես չեմ հասկանում դենդրոպարկի աշխատանքներից, ավելի լավ կլիներ` մարդիկ գային ու տեսնեին, թե այստեղ ինչ է եղել, ու հիմա ինչ է, այդ ժամանակ պատկերացում կկազմեին, թե ես որքանով եմ հասկանում այս աշխատանքներից: Ընդհանրապես, կարող է` ես լավ չհասկանամ ծառատեսակներից, բայց իմ կարծիքով` ամենակարևորը գործերը ճիշտ ուղու վրա դնելն է, որպեսզի դենդրոպարկն ավելի զարգանա: 4 ամիս է` զբաղեցնում եմ այս պաշտոնը և այնպիսի գործեր եմ արել, որոնք ակնհայտ են: Մինչև հիմա այգում որևէ աշխատանք չի արվել, հիմա արդեն սկսվել են այդ աշխատանքները. 4 ամսիների ընթացքում դենդրոպարկում որևէ բացասական բան չի արվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս, անդրադառնալով նամակում տեղ գտած այն տեղեկությանը, որ իբր ինքը չի ծառայել բանակում,  ավելին` զինվորական ծառայության հիմնական մասն անց է կացրել հոգեբուժական հիվանդանոցում, նշեց.

«Դա իրականությանը չի համապատասխանում: Ես ծառայել եմ սկզբում Մեղրում, հետո տեղափոխվել եմ Քելբաջար»:

Զրույցի ընթացքում Դավիթ Աթոյանը հերքեց նաև այն տեղեկությունը, որ հոր` Վարդգես Աթոյանի և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ընկերական հարաբերություններից ինքն օգտվում է.

«Իհարկե, ոչ: Նրանք ընկերներ են եղել, բայց գործում նրանց հարաբերությունները որևէ դեր չեն խաղում: Ինձ հետաքրքիր էլ չէ, թե ով է այդ տեղեկատվության հեղինակը, բայց նրան հրավիրում եմ մեզ մոտ, ցույց կտամ, թե ինչեր են կատարվել և դեռ ինչ ծրագրեր կան ապագայում»:

Նշենք նաև, որ Դավիթ Աթոյանից առաջ նույն դենդրոպարկի տնօրեն էր նշանակվել նրա հայրը` Վարդգես Աթոյանը, ով մի քանի ամիս աշխատելուց հետո մեկնել է Մոսկվա: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее