Blognews.am-ը գրում է. «Շանթ» հեռուստաընկերության «Արենա Live» ծրագրի շրջանակներում երգչուհի Սոնա Ռուբենյանն իր լսարանին է ներկայացել առաջին մենահամերգով։ Համերգի ժամանկ հնչեցին երգչուհու՝ ինչպես հին ու արդեն սիրված, այնպես էլ նոր երգերը։ Նախագիծը եթերում կլինի նոյեմբերի 12-ին: Կայքը ներկայացնում է լուսանկարներ համերգից և զրույց Սոնայի անցած ճանապարհի մասին։
«Շատ կարճ ժամանակ ունեինք պատրաստվելու համար։ Շնորհակալ եմ երաժիշտներին, որոնց շնորհիվ կարողացանք արագ գլուխ բերել այս ամենը»,- ասաց երգչուհին, ով նոյեմբերի 13-ին էլ Գարիկի հետ է համերգ ունենալու։ Նրանք հայկական երգերը ներկայացնելու են նոր մշակմամբ։ «Արենա Live»-ի հաղորդավար Գարիկը սրտնեղեց, որ այս համերգին պատրաստվելու համար Սոնան չէր գնում իրենց փորձերին :) Մեզ հետ զրույցում Սոնան հակադարձեց. «Խաբում է։) Ընդամենը 3-4 փորձի չեմ գնացել, սակայն այսօրվանից վերսկսելու ենք փորձերը»։
Երգչուհին, ով իր առաջին քայլերը սկսել է 5 տարեկանից, չի պատկերացնում իր կյանքն առանց երգի։ «Երաժշտությունն ինձ մոտ ապրելակերպ է դարձել։ Երբ փոքր ժամանակ մի պահ մտածում էի՝ եթե չկարողանամ երգել, ինչ պետք է անեմ, չէի պատկերացնում՝ ինչպես պետք է շարժվի կյանքս։ «Շնորհակալ եմ» երգն իմ հոգուց է բխում, շատ հարազատ է ինձ։ Այսպիսի տողեր կան՝ «Շնորհակալ եմ հոգով, որ ծնվել եմ երգով»։ Դա իսկապես այդպես է։ Նույնիսկ փորձերին կատարելիս հուզվում եմ»,- ասաց նա ու հավելեց, որ երգի երաժշտության հեղինակն Արամ Ավագայանն է, խոսքերինը՝ Անիտա Հախվերդյանը։
Երգչուհին նշեց, որ իր ճանապարհը հեշտ չէ, սակայն դրանից չի ընկճվում։ «Շատ դժվար է, շատ հիասթափություններ են լինում, բայց եթե առաջին դժվարությունից հիասթափվես ու զենքերդ վայր դնես, ոչնչի չես հասնի»,- ասաց Սոնան։
Երգչուհուն նեղացնում են անտեղի քննադատությունները, որոնք արվում են ցավեցնելու նպատակով. «Ես միշտ ընդունում եմ քննադատություններ, որովհետև եթե չընդունեմ, չեմ աճի, սակայն դրանք պետք է տեղին լինեն»։
Սոնան նշեց, որ բարդ է իր հոգու երգը ներկայացնելը։ «Հիմա կոմերցիայի դար է։ Որպես արդեն հասուն մարդ՝ պետք է նաև գումար աշխատես, բայց ես չեմ կարող կոմերցիոն երաժշտություն անել։ Ես իմ երգով չեմ կարողանում ֆինանսապես անկախ լինել ծնողներիցս։ Դրա համար դժվար է, երբ անում ես քո ներքին երաժշտությունը, ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա։ Դու անում ես երգ, գործիքավորում, տեսահոլովակ, բայց քո հոգու համար, որովհետև չես կարո ապրել առանց դրա»։
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում