Մաշկաբանները զգուշացնում են՝ եթե հանգստի եք մեկնում ծովափնյա երկրներ, ապա կարևոր է իմանալ, որ 10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մեծ է, ուստի պետք է աշխատել զերծ մնալ ծովում գտնվելուց, անպայման կրել գլխարկներ, ակնոց, հագուստ: Կարևոր է նաև արևապաշտպան քսուքների օգտագործումը:
Դրանք թուլացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Ռիսկի գործոն է համարվում նաև մարդու մաշկի տիպը: Բաց մազեր, մաշկ ունեցողների համար այն ավելի վտանգավոր է: Ավելի խոցելի են 50-ից բարձր տարիք ունեցող մարդիկ:
ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի փոխանցմամբ՝ պետք է զգուշանալ նաև սոլյարիներից:
«Դրանք բացասական ազդեցություն կարող են ունենալ մարդու համար: Պետք է հատկապես մինչև 30 տարեկանը զգույշ լինել»,-ընդգծեց Միքայել Սահակյանը:
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն էլ հավելեց.
«Սոլյարիները 70 տոկոսով բարձրացնում են մելանոմայով հիվանդանալու վտանգը: Այսինքն, դրանք կարող են ճակատագրական լինել»:
Նշենք, որ մելանոման հիմնականում մաշկի գույն արտադրող պիգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Մաշկից բացի այդ բջիջները կարող են տեղակայված լինել լորձաթաղանթներին, բերանի խոռոչում, միզասեռական համակարգում, արգանդում, բարակ աղիներում, աչքում: Վաղ ախտորոշման դեպքում լիակատար առողջացման կարող ենք հասնել: Ամբղջ աշխարհում յուրաքանչյուր տարի ախտորոշվում է 200.000 մելանոմայով հիվանդների նոր դեպք: 32 տոկոսի դեպքում մահացություն է գրանցվում:
Անի Կարապետյան


