Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Նորք-Մարաշի Նորքի ամառանոցներ թաղամասի 282 տանը հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ հրազենային վնասվածքով։ Հայտնի է դարձել, որ նա Երևանում ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանն էր։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան, ինչպես նաև գրություն, որում խնդրել էր իրեն չմեղադրել այդ քայլի համար։
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գեորգի Մկրտչյանի լուսանկարը` գրելով հետևյալը.
«Շոկի մեջ եմ… Նոր իմացա, ահավոր լուր… Գոգ ջան չեմ հավատում… Մարդ, ով միշտ օրինակ է եղել ինձ համար հավասարակշռության, բիզնես էթիկայի, ընդհանուր մտածելակերպի և շատ-շատ բաներով… Մարդ, ում հետ ես բախտեմ ունեցել աշխատել և ուղղակի շփվել… Գոգ ջան… R.I.P»:
Հավելենք նաև, որ տղամարդու ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել, ինքնասպանության պատճառների մասին պաշտոնապես դեռ չի նշվում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, գործարարի ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։