Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ երգչուհի Սոնա Շահգելդյանն ամուսնացել է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու լուրի իսկությունն ու մանրամասներ իմանալու երգչուհու կողմից այդքան սպասված ամուսնության մասին:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ ամուսնացել ենք: Այդ գեղեցիկ օրը եղավ փետրվարի 14-ը` իմ ծննդյան տոնը: Որոշեցինք օրս կրկնակի տոն դարձնել, բայց որևէ խնջույք չենք կազմակերպել: Սկզբում չէի ցանկանում խոսել այդ մասին, որովհետև վախենում եմ չար աչքերից, ովքեր միշտ մեր կողքին են: Իմ հարազատներն ու ինձ շատ մոտ մարդիկ գիտեին այդ մասին: Այսօր եկավ այդ պահը, և ես որոշեցի խոսել, կիսվել այդ մասին»:
Այն նկատառմանը, թե ինչո՞ւ է վերջինս գաղտնի պահում իր ամուսնու տվյալներն ու վերջապես ինչո՞ւ չի հրապարակում լուսանկարը, Սոնան ասաց.
«Գաղտնի չեմ պահում, ուղղակի դա իմ և նրա որոշումն է: Թող ոչ ոքի չհետաքրքրի, ես ոչ մեկի կյանքին չեմ խառնվում: Այո, գիտեմ որ սիրված երգչուհի եմ ու բոլորն էլ ցանկանում են իմանալ, թե ինչ է կատարվում իմ կյանքում, բայց ես կխոսեմ այն ամենի մասին, ինչն իմ ամուսինն է ցանկանում»:
Այն հարցին` արդյո՞ք երգչուհին երկար է մտածել այդ քայլին գնալուց առաջ, Սոնան պատասխանեց.
«Ես երկար եմ մտածել, քանի որ ես սխալվելու իրավունք չունեմ: Մենք միասին ենք լինելու ընդմիշտ, քանի որ սիրում ենք իրար: Աստծո կամքով կունենանք երեխաներ և ամուր ընտանիք: Հղիությունս չեմ թաքցնի հանրությունից, կասեմ այդ մասին բոլորին, քանի որ դրանից լավ բան չկա աշխարհում: Վստահ եմ, որ շատ լավ մայր եմ լինելու, շատ լավ եմ մեծացնելու իմ բալիկին: Մեր ընտանիքում իշխում է սերը, չնայած նրան, որ ես մի քանի տարի մեծ եմ ամուսնուցս. դա որևէ դեր չի խաղում: Նա աշխատում է, աշխատող տղամարդ է: Սիրում եմ այն տղամարդկանց, ովքեր իրենք են իրենց տունը պահում ու իշխում: Նա հենց այդպիսին է»:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց ճշտել նաև, թե որտե՞ղ է ապրում նորաստեղծ ընտանիքը, և ինչպե՞ս են նրանց ամուսնությանը վերաբերում ծնողները: Սոնան մեծ ոգևորությամբ պատասխանեց.
«Իմ մայրն ու մորաքույրը շատ լավ են ընդունում իրենց փեսային, շատ ուրախ են ու շատ լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Իսկ ամուսնուս ծնողները` սկեսուրս և սկեսրայրս, հոյակապ մարդիկ են. ես առաջին անգամ եմ նրանց նման բարի մարդկանց հանդիպում: Շատ սիրում եմ նրանց և մեծ հաճույքով նրանց հետ միասին կապրեմ, բայց հիմա առանձին ենք ապրում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքն ավարտեց Սոնա Շահգելդյանը:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան