Aysor.am-ը գրում է. Պարուհի, շատերին որպես հաղորդավարուհի ծանոթ ժպտադեմ Մարինա Մարտիրոսյանը 4 տարի առաջ սիրահարվեց, ամուսնացավ ու Երևանից տեղափոխվեց Մոսկվա՝ ապրելու ու սիրելիի կողքին լինելու նպատակով: Երիտասարդ ընտանիքն այսօր երկու զավակ ունի, երջանիկ է ու հաջողակ: Կայքի հետ զրույցում Մարինան պատմել է ոչ միայն իր սիրո պատմության ամենահետաքրքիր դրվագների, այլև՝ որպես դերասանուհի կատարած առաջին անհաջող քայլերի, կայացած ընտանիքի ու ներկայիս գործունեության մասին:
Մարինա, 4 տարի առաջ ամուսնացաք և մեկնեցիք Հայաստանից…
Այո, և հիմա ապրում եմ Մոսկվայում: Կյանքը շատ լեցուն ու հագեցած է բալիկներովս:
Դուք պարուհի եք, այստեղ նաև հաղորդավարուհու կարգավիճակում էիք հանդես գալիս, այո՞:
Այո, ավարտելուց հետո ինձ առաջարկեցին մնալ և դասավանդել. աշխատում էի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարի բաժնում: Զուգահեռ աշխատում էի Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան երգի անսամբլում և «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես խորեոգրաֆ: Հեռուստաընկերության մի քանի միջազգային և տեղական նախագծերում եմ ներգրավվել. 2011 թվականին «Շանթը» սկսեց նոր միջազգային նախագիծ՝ պար աստղերի հետ, որը մեզ մոտ կոչվում էր «Պարահանդես»: Ինձ առաջարկեցին Գրիշա Աղախանյանի հետ վարել առաջին եթերաշրջանը, այդպես էլ արեցինք: Եվ հենց այդ նույն տարվա ամռանը ամուսնացա և մեկնեցի Մոսկվա, քանի որ ամուսինս Մոսկվայից է:
Այժմ ի՞նչ եք անում, կարողանո՞ւմ եք մասնագիտական գործունեությամբ զբաղվել:
Արդեն մեկ ու կես տարի է՝ չեմ աշխատում: Երկրորդ բալիկիս ծնվելուց հետո չեմ վերադարձել գործունեությանս: Բայց մինչ այդ՝ 2013 թվականին առաջարկ ստացա Մոսկվայի հայ-ռուսական առաջին՝ «Arm Tv» ալիքից և սիրով ընդունեցի այն: Տնօրենը Համլետ Ղուշչյանն է. հայկական լուրերի բաժին էր բացել ու ինձ ընդունեց՝ որպես լուրերի հաղորդավար: Մինչև տղայիս ծնվելը՝ 1 տարի աշխատեցի այնտեղ:
Հղիությունը չէ՞ր խանգարում էկրանային աշխատանքին:
Պատկերացրեք, որ ոչ: Այդպես փորիկով աշխատանքի էի գնում: Բախտս բերել էր, որ ամեն ինչ նորմալ էր ընթանում և ես էլ շատ կոկիկ փորիկ ունեի: Էկրանից այս կողմ չէր էլ նկատվում, որ ես բալիկի եմ սպասում (ժպտում է)… Հիմա արդեն տանն եմ աշխատում՝ որպես մայրիկ: Սա, կարծում եմ, ամենադժվար, բայց նաև ամենահաճելի աշխատանքն է:
Հայաստանից նոր առաջարկներ չե՞ն լինում:
Մեկ անգամ է եղել. «Շանթն» առաջարկեց վարել «Պարահանդեսի» երկրորդ եթերաշրջանը, բայց քանի որ արդեն բալիկի էինք սպասում, չկարողացա գալ:
Մարինա, մեր օրերում փոքր-ինչ զարմանալի է, որ Ձեզ նաև դերասանուհու կարգավիճակում չհանդիպեցինք:
Ճիշտն ասած՝ մի քանի առաջարկ եղել է, բայց, ցավոք, դերերն այնքան էլ ինձ դուր չեկան ու հրաժարվեցի: Սակայն կար մեկ առաջարկ, որն ինձ գրավեց և ընդունեցի…Նկարահանման նախապատրաստական աշխատանքների ընթացքում, երբ արդեն որոշված էր կերպարս, պատրաստ էր նույնիսկ հագուստս, պայծառ մի առավոտ արթնացա ջրծաղիկով: Ամբողջ մարմինս ու դեմքս ջրաբշտիկներով պատված էր: Չստացվեց, նկարահանումներն արդեն սկսվում էին ու ես ստիպված դուրս մնացի այդ ֆիլմից: Այնուհետև Արտակ Իգիթյանն առաջարկեց նկարահանվել «Վանա ծովի լուսաբացը» ֆիլմում (գլխավոր հերոսի մանկության տարիներին մարմնավորելու էր վերջինիս մայրիկին Ն.Մ)…
Ու նորի՞ց ձախողում:
Պատկերացրեք, որ այո. նկարահանումների առաջին օրը լեռներում էր լինելու ու մենք ուղևորվեցինք դեպի Գեղամա լեռներ: Այնտեղ մի փոքրիկ մատուռ կա, որտեղ շատ դժվարությամբ հասանք, քանի որ ճանապարհը գրեթե անանցանելի էր: Երբ արդեն պատրաստ էինք նկարահանմանը, շատ ուժեղ քամի սկսվեց, մի քանի վայրկյանում մշուշապատվեց ամեն ինչ: Ստիպված էինք սպասել: Երկնքի պարզվելուց հետո սկսեցինք նկարահանումներն ու միայն «մոտորից» հետո պարզ դարձավ, որ տեսախցիկի «լինզան» ջարդվել էր: Դա անհնար է տեղում փոխել: Նկարահանման օրը հետաձգվեց ու մենք վերադարձանք քաղաք: Հաջորդ նկարահանումն էլ համընկավ իմ՝ հյուրախաղերի մեկնելու հետ և ես ստիպված եղա հրաժարվել (ժպտում է)… Ինչպես ռուսն է ասում. «Не судьба»…Բայց դե ո՞վ գիտի, գուցե դեռ նորի՞ց լինեն առաջարկներ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում