▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է

«Տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոյաների համար խիստ արդիական է դառնում:

http://asekose.am/filemanager/uploads/2021/06/week-4/Meliqset_Poxosyan.jpg

Այս մասին նշում է Yerevan.Today-ը, որն արդեն գրել էր Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

« Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրականը ավելի շատ հիշեցնում է փաստավավերագրական ֆիլմ: Նշված է, որ նա դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում: Այնուհետև նկարագրվում է Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը որպես կամավորական և ազատագրական պայքարի առաջամարտիկ: Նշվում է, որ նա մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը: Այնպիսի մանրամասներով է ներկայացված այս ամբողջը, որ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը նման զինվորական հմուտ գործչի թողած՝ համակարգի հետ կապ չունեցող Պապիկյանին նշանակեց Պաշտպանության նախարար: Ամեն դեպքում, այս գեղարվեստական նկարագրության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: Քանի որ հատկապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է, որ ոչ թե մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։

Yerevan.Today-ը դիմել է Սյունիքի մարզպետարան՝ օրենքով սահմանված կարգով խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է ստացել կրթությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ո՞ր թվականներին։ Ո՞ր թվականին է ավարտել և ի՞նչ մասնագիտական որակավորմամբ։ Կայքը խնդրել է տրամադրել դիպլոմի պատճեն։ Սյունիքի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը: Կարճ ասած՝ ով նշանակել է, նրանից էլ ուզեք։

Դիմել են կառավարությանը։ Այնտեղից կայքին նորից ուղղորդել են Սյունիքի մարզպետարան, թե ուզեք այն մարմնից, որ մարմնում, որ աշխատում է ձեզ հետաքրքրող անձը։ Մարզպետարան-կառավարություն-մարզպետարան հարցման շրջանառության այս շղթան արդեն իսկ հիմնավոր կասկած էր հարուցում, որ Մելիքսեթ Պողոսյանը պարզապես բարձրագույն կրթություն չունի: Yerevan.Today-ը նորից դիմել է Սյունիքի մարզպետարան։ Ստացել է հետևյալ պատասխանը․ «ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1992 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ»։ Խնդրում ենք ուշադրությւոն դարձրեք ընդունվելու և ավարտելու թվականներին։ Հարցման պատասխանի ընթացքում նաև խմբագրվել է մարզպետի կենսագրությունը, և մարզպետարանի կայքում արդեն տեղադրվել է նրա բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը։

Հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը, գործունեության ժամանակ՝ ըստ տարիների, Ի՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել և ե՞րբ է փակվել և ինչ պատճառով է փակվել, արդյո՞ք այդ բուհի տված դիպլոմը համարվում է պետական նմուշի փաստթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն և՝ արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։ Պատասխանը խիստ ուշագրավ էր։ Եվ այսպես․ «Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը (Ա/Կ) 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ N 61, 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր՝ N 98։ Ստացվում է՝ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։

Այսինքն՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը ևս կեղծ է, ինչպես որ կեղծ է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее