a1plus.am-ը գրում է.Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբաններն այսօր պատրաստվում են երկու միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմնին:
«Մեր պաշտպանյալը նախկինում ոտքի երակի վիրահատություն է տարել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, մի ոտքն էլ թրոմբ ունի , եւ նման պայմաններում նա չի կարողանում քայլել, տեղաշարժվել: Կարող է առաջանալ առողջական վիճակի կտրուկ սրման խնդիր եւ այդ պատճառով նաեւ կյանքին է վտանգ սպառնում»,- «Ա1+»ին ասաց նրա պաշտպաններից Ստեփան Ոսկանյանը:
Նրա խոսքերով՝ Շիրխանյանի մյուս պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն է այցելել նրան եւ առողջական վիճակն այդքան էլ լավ չի եղել:
«Նրան շտապ պետք է տեղափոխել մասնագիտացված բժշկական կենտրոն, քանի որ մինչ ձերբակալվելը բուժումը տեղի է ունեցել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, այդ պատճառով մենք միջնորդելու ենք նրան տեղափոխել այնտեղ, իսկ երկրորդ միջնորդությունը վերաբերում է ընտրված խափանման միջոցը փոխելուն՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը»,-ասաց Ստեփան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում