Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Որպես վաստակավոր կինոման՝ այսօր շտապեցի «Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերային: Մինչ այդ կարդացել էի համացանցում կարծիքներ ու մեծ ակնկալիքներ ունեի ֆիլմից:
Բայց իրականությունն այլ էր: Որպես նախաբան կասեմ՝ միջին կարգի, կանխատեսելի ֆիլմ՝ չարչրկված սցենարով, լուծումներով ու վերջաբանով: Հայկի ու Էթերիի ձանձրալի խաղը, անբնական դիալոգները մեղմ ասած տխրեցրին: Իրականում մեծ տարբերություն չտեսա «Սուպեր մամայի» Հայկի ու այս մյուս Հայկի միջև: Ասեմ ավելին՝ սցենարն էլ էր մի տեսակ նույնը՝ ֆինանսական խնդիրներ - խաբեություն - սեր - անձնազոհություն - դարձի եկած հերոս - արցունքներ - ու հեփի էնդ: Այս ամենին խառնվում էին Հայկի անբնական ու չհամոզող և Էթերիի՝ «Անուրջներ» սերիալի ամպլուային հատուկ խաղը:
Ինչևիցե: Այնպես չէ, որ միայն բացասականն եմ նկատել: Ֆիլմն ուղղակի դիտարժան չէր լինի առանց Գարիկի հերոսի: Լրիվ դերի մեջ էր, համոզիչ էր, ուժեղ էր: Հատուկ պետք է նկատել կադրից դուրս մնացած թիմի աշխատանքը: Գրիմն ու դեկորացիան հատուկ ուշադրության են արժանի: Արմուշի ու Ռաֆոյի կերպարներն ուղղակի տապալեցին լրիվ դրական իմաստով:
Ընդհանուր առմամբ, իհարկե, տեսանելի է, թե ինչ ահռելի աշխատանք է տարվել: Իհարկե, խոշոր հաշվով սա քայլ առաջ էր: Բայց միևնույնն է իմ շատ սուբյեկտիվ կարծիքով՝ Հայկոն որպես դերասան էլ մեզ ասելիք չունի:
Իսկ առհասարակ արժե մեկ անգամ նայել ֆիլմը: Անկախ ամեն ինչից` բարձր տրամադրությունն ապահովվում է: