▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրիական դեմոկրատական ուժերը» մտել և խորանում են «ԻՊ»-ի սիրիական կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում

«Սիրիական դեմոկրատական ուժերը»(հիմնականում քրդական ջոկատները, նաև որոշ արաբական խմբավորումներ), ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործուն աջակցությամբ, մտել և խորանում են «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման սիրիական կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում: Դատելով առկա իրողություններից՝ կարելի է կանխատեսել, որ ի տարբերություն իրաքյան Մոսուլի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակող ազատագրության ռազմագործողության, ալ-Ռակկայից իսլամականներն ավելի հեշտ են հրաժարվելու: Իսկ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ամենավերջին արարը տրվելու է սիրիա-իրաքյան սահմանին՝ Սիրիայի Դեր Զոր նահանգում:

Ի դեպ, այս իրողությունը քաջ գիտակցում են գործընթացի բոլոր առանցքային դերակատարները՝ և՜ նույն ԻՊ-ը, որը վճռականորեն ամրանում է նշված շրջանում՝ որոշակի «անվտանգության գոտի» ձևավորելով նաև արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով՝ համապատասխանավար ալ-ՌակկայումուՊալմիրայում, և՜ դեպի նշված սահմանգիծը շտապող սիրիական կառավարական ուժերն ու նրանց դաշնակիցները, և՜ վերջապես սահմանագծի մեծ մասը փաստացի վերահսկող միջազգային կոալիցիան և սիրիական ցամաքում նրա դաշնակիցները...

Այսպիսով, արդեն շատ շուտով ականատես կլինենք ոչ միայն ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական պայքարի եզրափակիչ փուլին, այլև ծայրահեղական կառույցի դեմ գործող երկու հակառակորդ կոալիցիաների աննախադեպ սկզբունքային մրցակցությանը, որը, ի դեպ, կարող է նաև արհեստականորեն ձգձգել նույն հակաահաբեկչական պայքարի եզրափակիչ փուլը...

Արմեն Պետրոսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее