▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիահայ բժիշկը Մարտակերտում վիրավորների կողքին է

Arevelk.am-ը գրում է.

Սիրիահայ երիտասարդ բժիշկ Գառնիկ Ջոզիկյանը երեք տարի աշխատել է Գանձասարի վանական համալիրի հիվանդանոցում:

Վերջին պատերազմական գործողությունները սկսելուն պես Երևանից շտապել է Մարտակերտ, ինչպես նշեց՝ իր գործընկերների կողքին լինելու և  վիրավորներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: «Արևելքի» հետ զրույցում Գառնիկ Ջոզիկյանն ասաց, որ այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիճակը մնում է նույնը, կրակոցները նույն ձևով շարունակվում են. «Այնպիսի զենքերով են կրակում, որ երբեմն դիակներն անճանաչելի են դառնում, պարզապես չենք ճանաչում զոհերի մարմինները, վառված են լինում, ահավոր ծանր վիճակ է»,-նշեց բժիշկը, ավելացնելով, որ Մարտակերտի հիվանդանոցը օպերատիվ կերպով է աշխատում, վիրավորներին ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն, շատ ծանր վիճակում գտնվողները տեղափոխվում են Ստեփանակերտ: Գառնիկ Ջոզիկյանն ասաց նաև, որ անընդհատ կապի մեջ են Ստեփանակերտի հետ, կազմակերպչական հիանալի աշխատանք է տարվում:  


«Դեղորայքը բավարար է, անհրաժեշտ սարքավորումները կան, վիրավորներին օգնություն ցույց տալու համար բոլոր  հնարավորությունները կան, բայց լավ կլիներ, որ ավելի շատ մասնագետներ լինեին մեր կողքին:  Չենք խեղճանում, բայց ավելի շատ մասնագետների ներկայությունն այս պահին չէր խանգարի»,- «Արևելքի» հետ զրույցում ասաց Գառնիկ Ջոզիկյանը, միաժամանակ նշելով, որ իրեն հիացնում է թե՛ զինվորների, թե՛ Արցախի ժողովրդի ոգին: «Նույնիսկ զինվորները պատրաստ են ապաքինվելուց հետո նորից մեկնել առաջին գիծ: Իսկ Ստեփանակերտում նույնպես պատրաստակամություն կա՝ թե՛ ոգու, թե՛ կամավորական ուժերի, թե՛ բոլոր առումներով»,-նշեց սիրիահայ բժիշկը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее