Armtimes.com-ը գրում է.
Դերասան Էմիլ Գալստյանը դժգոհ է հայկական հեռուստաընկերությունների սերիալների որակից եւ դրանցում ներգրավված դերասանների մասնագիտական հմտություններից: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ հեռուստատեսային կազմակերպություններն սկզբունքներ չունեն դերակատարների ընտրության հարցում, ինչն արժեզրկում է դերասանի մասնագիտությունը: Դա էլ հենց պատճառներից մեկն է, որ բավական ժամանակ է, ինչ ինքը հեռուստաէկրաններին չի երեւում:
«Նախագիծը պետք է համապատասխանի իմ ստանդարտներին եւ հակառակը, իսկ այսօր ես չեմ տեսնում այնպիսի նախագիծ, որի մեջ կուզեի մասնակցություն ունենալ: Հեռուստաընկերություններում այսօր որակի խնդիր ունենք. խաղում են էժան վարձատրվող «չդերասաններ», ես նրանց կոչում եմ «դերասանացուներ», իսկ նրանց հետ մեկտեղ աշխատելը պրոֆեսիոնալ դերասանի համար բարդ է, ոմանց համար նույնիսկ վայել չէ: Երբ գնահատվի դերասանի արժեքը, շատ բան կփոխվի. «պարկետ-մետլախ խփողները» չեն հայտնվի գլխավոր դերում: Այսօր երգիչ-երգչուհիները դարձել են դերասաններ, այն էլ գլխավոր դերերում են հանդես գալիս: Դա նշանակում է, որ այս երկրում ոչ ոք իր տեղում չէ: Այդ պատճառով էլ դերասանի մասնագիտությունն արժեզրկվում է»,-ասաց նա:
Դերասանը կարծում է, որ հեռուստանախագծերի նման վիճակը պայմանավորված է նրանով, որ հեռուստաընկերությունները շեշտը դնում են ոչ թե դերասանական խաղի որակի, նախագծի ասելիքի վրա, այլ պարզապես ցուցադրում են այն, ինչը շատ դիտում կունենա: Այս պարագայում ավելի բարձր աշխատավարձով պրոֆեսիոնալ դերասանների հրավիրելու անհրաժեշտությունը վերանում է:
«Այսօր եթերում շատ չակերտավոր աղջիկներ կան, որոնք ուղղակի ցուցադրում են իրենց մարմինները եւ գրավում ցածրաճաշակ հանդիսատեսին: Դա հեռուստատեսության համար վարկանիշ ձեռք բերելու մի միջոց է: Այսինքն՝ կարեւոր է ոչ թե խաղը, այլ այն, որ այդ ժամին եթերը նայեն: Սիրված երգիչ-երգչուհիներն էլ վարկանիշ ձեռք բերելու այլ միջոց են: Այսինքն՝ մենք չունենք հեռուստաընկերություն, որը սկզբունքայնորեն պահում է իր որակը: Հետեւաբար պրոֆեսիոնալ դերասանի կարիք չկա: Ի դեպ, նրանցից շատերը չեն խաղում նման «դերասանացուների» հետ, մի մասն էլ ստիպված համաձայնվում է այս երկրում գոյատեւելու համար, սակայն նրանք չեն գնահատվում, քանի որ հեռուստատեսությունը սովոր է էժանների հետ աշխատելուն»,-պարզաբանեց դերասանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում