▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի. նա պնդում է՝ խախտվել է անմեղության կանխավարկածի իրավունքը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս դատախազության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։ «Անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին»,- նշված է հայցադիմումի մեջ:

Հետք․am-ն այս առիթով գրում է․ 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության դեմ՝ հանձին Գլխավոր դատախազության, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել: Սեդրակ Քոչարյանը պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարան դիմել են ոչ շատ տարածված հայցով, քանի որ պրակտիկայում անմեղության կանխավարկածի խախտման հետ կապված շատ քիչ հայցադիմումներ են ներկայացվում:

«Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, և գործը գտնվում է դատարանում: Սեդրակ Քոչարյանն ի սկզբանե պնդել է, որ այդ գործողությունները չի կատարել: Այն ընթացքում, երբ գործը նախաքննական մարմնից ուղարկվել է դատարան՝ քննության համար, դատախազը, որը այս գործով մեղադրողն է դատարանում, իսկ նախաքննության ժամանակ հսկող դատախազն էր, հարցազրույց է տվել Հայաստանի առաջին հեռուստաալիքին, և որպես հաստատված հանգամանք պնդել է, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները: Ոչ թե ասել է՝ մենք իրեն մեղադրում ենք այսինչ կամ այնինչ բանում, այլ հաստատված փաստ ներկայացրել է այն, ինչի վերաբերյալ դեռ դատավարություն պիտի ընթանա, դեռ  դատարանը պիտի դատավճիռ կայացնի՝ արդարացման կամ մեղադրական»,- ասում է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները` միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը` գույքին օրինական տեսք տալու նպատակով Ս. Քոչարյանն այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու և այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով:

Մեղադրանք է առաջադրվել նաև «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսան Որսկանյանին: Այս գործը դատարան է ուղարկվել 2025թ. հունիսի 6-ին և քննության փուլում է:

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ դատախազի հարցազրույցը, որով Ս. Քոչարյանին վերագրել է հաստատապես կատարված արարք, անմեղության կանխավարկածի խախտման դասական օրինակ է: Փաստաբանը հույս ունի, որ դատարաններն այդ հանգամանքը հաշվի կառնեն և համապատասխան վճիռ կկայացնեն:

Փաստաբանը պարզաբանեց, թե ինչու է Դատախազությունը նշված հայցադիմումում: Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝  հայցը Հայաստանի Հանրապետության դեմ է, սակայն, Հայաստանն անմեղության կանխավարկածը խախտել է Դատախազության միջոցով:

Հարցին, թե ինչու է անմեղության կանխավարկածի խախտումը Հայաստանում շատ տարածված, Հայկ Ալումյանը նշեց, որ այդ իրավիճակներում ավելի շատ մեղավոր են այն անձինք, ում անմեղության կանխավարկածի իրավունքը խախտվել է:

«Եթե իրենք հետևողական լինեն, պահանջեն, որպեսզի խախտման յուրաքանչյուր դեպքով կամ գոնե տասից մեկը դիմեր դատարան, որպեսզի իրենց անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչվեր և Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան փոխհատուցում տրամադրվեր, վաղուց այս երևույթը չէր լինի: Ես միայն մեկ հայց գիտեմ այդպիսի, որ մարդը հետևողական դիմեց դատարան և գործը շահեց: Իրավունքի պաշտպանությունը չպետք է պասիվ լինի, եթե նույնիսկ քեզ մեղադրում են, քո իրավունքները խախտում են, դու էլ պիտի խախտողին մեղադրես»,- ասում է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ հայցը դատարան է մուտքագրվել 2025թ. հոկտեմբերի 3-ին և մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին: Հայցադիմումի՝ վարույթ ընդունելու հետ կապված որոշում դեռ չի կայացվել:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее