ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։
ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, մայիսի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել առ այն, որ Սեւանի թերակղզուց դեպի Սեւանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ բռնության հետքերով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, եւ կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերվել է գլխի շրջանում ջնջխված վերքերով արական սեռի դի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով 26 տարեկան է՝ հաշվառված Գյումրիում, եւ որ ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է դին, գրանցված է տուժողի անունով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Քննության շահերից ելնելով պարզված հանգամանքների մասին այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն, արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ։



