▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևակին Ապրիլի 24-ին սպանեցին թուրքական բանակում՝ հայ լինելու համար

Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» (Verein der Völkermordgegner) կազմակերպության անդամների մի խումբ (ազգությամբ թուրք, քուրդ, չերքեզ, զազա, սուննի, ալևի-ղզլբաշներ) յուրաքանչյուր տարվա ապրիլի երրորդ շաբաթը ժամանում է Երևան` հայերի ամենամեծ ցավը կիսելու և իրենց պապերի ձեռքով կատարված ոճրագործության համար հայերից ներողություն խնդրելու առաքելությամբ։

Այսօր նրանցից մի քանիսը՝ գերմանաբնակ Էլիֆ Սելայ Էրթեմը, Դյոնե Գյունդուզը, Նիլգուն Քայան, ինչպես նաև Մահմութ Ուզունը` Մեծ Բրիտանիայից,  հանդիպեցին հայ լրագրողներին:

«102 տարի է՝ Թուրքիան մերժողական կեցվածք է ընդունել, և սերունդները շարունակում են դաստիարակվել ստի, կեղծիքի հիման վրա և կոտրել կարծրատիպեր՝ իրոք շատ դժվար է: Հողը փորձում ենք գնդասեղով փորել: Նշեմ, որ սկզբում շատ կոպիտ էին մեզ հետ վարվում, ասում էին՝ սրանք դավաճաններ են, անգամ սպառնում էին, բայց այդ կարծրատիպը կոտրեցինք մեր համառությամբ: Մենք օրինակ ունենք՝ Հրանտ Դինքը, մեծատառով մարդ, ով իրավիճակ փոխեց, նրա ձայնը լսելի էր երկրի ցանկացած կետում, բայց տեսեք՝ 10 տարի է անցել, նրա սպանության գործը չի բացահայտվել: Սևակ Բալըքչիին՝ հայորդուն թուրքական բանակում սպանեցին ապրիլի 24-ին՝ միայն հայ լինելու համար(Հիշեցնենք՝ պոլսահայ Սևակը սպանվել էր 2011 թվականի Ապրիլի 24-ին, երբ պարտադիր զինծառայություն էր անցնում Թուրքիայի զինված ուժերի զորամասերից մեկում: Նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Փաստերը ցույց են տալիս, որ հայ զինծառայողը սպանվել է էթնիկ հողի վրա, այն էլ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Վկաներից մեկի ցուցմունքից հայտնի էր դառնում, որ Աղաօղլուն սպառնացել էր Սևակին` ասելով. «Թմբլի՛կ, ես քեզ սպանելու եմ»)»,-ասաց  Էլիֆ Սելայ Էրթեմը:

Դյոնե Գյունդուզը շարունակելով վերջինին՝ նշեց, որ որոշ փոփոխություն նկատելի է, անտարբերների քանակը նվազել է, հասարակական մտքի ձևավորումը դեպի դրականն է գնում գոնե Ֆրանկֆուրտում ու հարակից շրջաններում:

Մահմութ Ուզունն էլ հավելեց.

«Հայկական հարցի մասին փոքրուց գիտեմ: Կյանքիս իմաստն է՝ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը: Մինչև վերջին շունչս պետք է պայքարեմ, որ մեր պետությունն առերեսվի այդ իրողությանը»:

Իսկ, թե ինչպե՞ս են իմացել Հայոց ցեղասպանության մասին, բանախոսներից ալևի Դյոնե Գյունդուզը պատասխանեց, որ հայրական կողմի տատիկից է լսել այդ մասին: Նա ասել է, որ առաջ այստեղ հայեր են ապրել:

Մահմութ Ուզունն էլ շեշտեց, որ գալիս է մի գյուղից, որտեղ պահել ու փրկել են այնտեղ ապաստանած հայերին:

«Մանկությանս, պատանեկությանս ընկերները հայեր են եղել, եղբայրական փոխհարաբերությունների մեջ ենք»,-ընդգծեց Մահմութ Ուզունը:

Նիլգուն Քայան էլ նկատեց.

«Ես քուրդ եմ ու պապերս նույնպես մեղասկից են ու դրա հետ հաշտվելը ինձ համար դժվար էր: Ըմբոստությամբ կարողացա հաղթահարել սա»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее