Այս օրերին համացանցային օգտատերերը բուռն քննարկում են «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների երգերը, որոնց մեծ մասն արդեն հասանելի են համացանցում: Ինչ խոսք, երգերը, կարծես թե, առավելապես քննադատությունների են արժանանում, քան` հավանության:
«Սևակը լավն է, սակայն երգը թույլ է, Մհերը չգիտի՞, որ մենք էլ ենք «Queen» լսում, Կամիլով «Եվրատեսիլ»-ին ներկայանալը պարզապես խայտառակություն է»: Ահա, այս և նմանատիպ այլ մեկնաբանություններ կարող ենք հանդիպել համացանցում: Այս առիթով Asekose.am-ը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ` եվրատեսիլյան երգերի մասին վերջինիս կարծիքն իմանալու նպատակով: Արթուրը խոստովանեց, որ երբեք էլ այս մրցույցի երկրպագուն չի եղել.
«Նախ ասեմ, որ երբեք չեմ սիրել «Եվրատեսիլ» կոչվածը: Հազվադեպ է պատահում, որ այդ մրցույթի ժամանակ որևէ երգ ինձ դուր գա, ընդ որում` այն երգերը, որ ինձ դուր են եկել, երբեք գլխավոր հորիզոնականները չեն զբաղեցրել: Իմ կարծիքով` «Եվրատեսիլ»-ը ճաշակով մրցույթ չէ: Թեպետ նախորդ տարի «Եվրատեսիլ»-ում բավական լավ երգեր կային, ամեն դեպքում, կարծում եմ, որ այս մրցույթին պետք չէ թեթև և պարզունակ ժանրով ներկայանալ, կնախընտրեի, որ սոուլ կամ R& B ոճով երգ լինի, թեթե երգեր չեմ սիրում և չեմ էլ լսում»:
Հարցին` արդյո՞ք «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու ժամանակն է, Արթուրը բացասական պատասխանեց տվեց` ասելով հետևյալը.
«Պարզապես, երևի, երաժիշտների առումով մեր ռեսուրսն այսքան է, և պետք է այսպիսի ընտրություն կատարենք: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սևակ Խանաղյանը շատ պրոֆեսիոնալ է, ինքս նրա կենդանի կատարումները լսել եմ: Սևակն ինձ համար շատ լավ թեկնածու է, ուղղակի չգիտեմ` երգի ճիշտ ընտրություն է, թե` ոչ: Ընդհանուր առմամբ, դեռ ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ մրցութային երգերի հետ: Ինչ վերաբերում է Կամիլին, ապա նրա կենդանի կատարումը չեմ լսել, ինչ ինձ համար ամենակարևորն է»:
Արթուր Իսպիրյանի կարծիքով` Հայաստանում քիչ չեն տաղանդավոր երգիչ-երգչուհիները, ովքեր կարող են ներկայանալ այս մրցույթին:
«Այնպիսի տաղանդավոր ազգ, ինչպիսին մենք ենք, ամբողջ աշխարհում չկա: Օրերս ինձ մոտ մի երիտասարդ աղջիկ էր եկել, այնպես երգեց, որ շատ զարմացա, որ մինչ օրս նրան չեմ ճանաչել: Մյուս տարի այնպես կանեմ, որ նախընտրական փուլին մասնակցի: Կարծում եմ, որ շատ արժանի երգչուհի է»:
Հեղինակ` Ա. Գրիգորյան