
Life.panorama.am-ը գրում է.
Ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանը վերջերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իսկ ԱՄՆ երգիչը մեկնել էր հատուկ ծրագրով, ինչի մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին:
««Շանթ» հեռուստաընկերության դահլիճում այս նախագծով փակ համերգ ունենալուց հետո ես, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Սոնա Ռուբենյանը, Պետրոս Պետրոսյանը, Աննա Թադեւոսյանը եւ այլք «Շանթ» հեռուստաընկերության հատուկ նախագծի շրջանակներում մեկնեցինք ԱՄՆ, որտեղ շատ հետաքրքիր եւ բուռն համերգներ ունեցանք: Սկզբում ընդամենը մեկ համերգ էր նախատեսված Փասադենա քաղաքում, բայց այն այնքան լավ անցավ, որ երկրորդ համերգը դրվեց արդեն հայտնի «Alex» թատրոնում: Ի դեպ, այդ նույն համերգային ծրագիրը դեկտեմբեր ամսին կլինի նաեւ այստեղ՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում,- նշեց երգիչն ու հավելեց,- այս համերգը իր տեսակով տարբերվում է նրանով, որ մենք հանդես ենք գալիս ոչ միայն որպես երգիչներ, այլ նաեւ դերասաններ, քանի որ մեր կատարումների հետ զուգահեռ ներկայացվում են հատուկ նկարահանված ֆիլմիկներ, որտեղ մենք ցույց ենք տալիս մեր դերասանական ունկաությունները:Պետք է նշեմ, որ պատրաստվել ենք ամիսներ շարունակ, որպեսզի ամեն բան լինի հետաքրքիր եւ գեղեցիկ: Համերգի խորագրին համապատասխան կերպով ներկայացնում ենք մեր ժողովրդական երգերը նոր մոտեցմամբ, ընդ որում, ինչպես նշեցի, համերգի մասնակիցները միայն «Ժողովրդական երգիչ» նախագծից չէին, սա հավաքական համերգ էր, որտեղ բոլորը, անկախ երգարվեստում իրենց ոճից, երգում էին ժողովրդական երգեր, այսինքն՝ մենք բոլորս ժողովրդական երգի շուրջ էինք հավաքվել»:
Առաջիկայում Սեւակ Ամրոյանը դեռեւս նոր տեսահոլովակով հանդես չի գա, փոխարենը պատրաստում է իր նոր ձայներիզը. «Հուսամ, մինչ տարվա վերջ կհասցնեմ ավարտել ձայներիզիս աշխատանքները եւ այն սիրով կնվիրեմ իմ երգը գնահատողներին»:
Մեզ հետ զրույցում ժողովրդական երգիչը վստահեցրեց, որ առաջիկայում նոր ծրագրեր ունի, որոնք աստիճանաբար կիրականացնի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում