▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ տարօրինակ վիճակում ենք հայտնվել.Ռուսաստանը կտրուկ փոխել է խաղի կանոնները

«Այս տարին բարեհաջող է եղել խաղողագործների համար: 85-90.000 տոննա խաղող է մթերվել: Արենիում բարձր գին է սահմանվել. սևապտուղ խաղողը մթերվել է 350 դրամով, սպիտակը՝ 400 դրամ, որը ռեկորդային գին էր տարածաշրջանի ու Հայաստանի պատմության մեջ: Գինու խաղողի դեֆիցիտ առաջացավ, Արարատյան հարթավայրում կախեթիի գինը բարձրացավ մինչև   200 դրամի՝ անցած տարվա 160-170 դրամի համեմատ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա  ՀՀ գինեգործների միության նախագահի փոխանցմամբ՝ գինու առումով խնդիրներ չկան, ծավալները մեծանում են:

«Նույնը չի կարելի ասել կոնյակի առումով: Շատ տարօրինակ վիճակում ենք հայտնվել: Ռուսաստանը կտրուկ փոխել է խաղի կանոնները: Առաջ ցույց էր տալիս, որ պայքարում է կեղծարարության դեմ, հիմա պահանջները խստացրել է: Նոր չափանիշներ են առաջ քաշվել, որոնց Հայաստանում չեն կարող հետևել, մենք չունենք այդ գործիքները: 

Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի մեծ մասը կեղծ է, որոնց մակարդակը նախկինում էին կարողանում վերահսկել թե՛ արտադրողները, թե՛ ստուգողները, որովհետև կային սարքավորումներ: Հիմա այդպես չէ, արդեն չենք կարողանում ստուգել թթվածնի 17 իզոտոպի քանակությունը: Սա նշանակում է, որ մեր կոնյակ արտադրողները չգիտեն՝ իրենց արտադրանքի մեջ որքան է Օ17-ի քանակությունը: Արդեն ռուսական շուկայից կոնյակների վերադարձի դեպքեր կան»,-մանրամասնեց Ավագ Հարությունյանը:

ՀՀ գինեգործների միության նախագահը ցավով է նշում՝ հայկական կոնյակի հեղինակությունը կտրուկ ընկել է.

«Հայկական կոնյակն այսօր իր իմիջով հավասարվել է դաղստանյան ու ռուսական մյուս կոնյակներին, և ցավոք, շուկայում շատ էժան է: Կոնյակի արտադրության մեջ ստվերային փողերը շատ մեծ են, ավելի շատ շահագրգռված է ռուսական, քան հայկական կողմը, քանի որ եթե հայերը որոշեն ոչ կեղծ կոնյակ արտահանել, դա Ռուսաստանում չի ընդունվի, նրանց ցածրարժեքն է անհրաժեշտ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее