▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ լեն ու բոլ չի՞ ժամկետները. Կարեն Կարապետյանը՝ գյուղնախարարին

 

Գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կդադարեցվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը և կստեղծվի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Որոշման նպատակն է հիմնադրամի միջոցով նպաստել հանրապետությունում գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը: 
Կառավարությունը հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է 2017թ.-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021թ. ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Ըստ կարևորության սահմանվել են կիրառման հետևյալ ոլորտները՝ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում (2017թ. մայիսի 1-ից), մսամթերքի արտադրություն` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում ( 2017թ. նոյեմբերի 1-ից), տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում (2017թ. նոյեմբերի 1-ից), Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում (2018թ. ապրիլի 1-ից) և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն: 
2017թ. գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում հանրապետության հողօգտագործողներին աջակցելու՝ մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է 34882 տոննա ազոտական, 983.5 տոննա ֆոսֆորական և 903.05 տոննա կալիումական պարարտանյութեր: Նշենք, որ եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել է 4 մլրդ ՀՀ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ: 
Գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է ՀՀ-ում 2017թ. գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Անհրաժեշտ սերմացուները ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կապահովվի շուրջ 10 հազար հա գարնանացան և գումարը կհատկացվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվներից: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ հարց է բարձրացվում այդ սերմերի անարդյունավետության վերաբերյալ, ինչի պատճառով գյուղացիները սուբսիդիաների վերադարձման խնդիր են ունենում: Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք կնքվելիք պայմանագրերում ամրագրվել է կողմերի պատասխանատվությունը: Նախարարը պատասխանել է. «Այո, մենք ամրագրել ենք: Սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, արդյունքները հրապարակվելու են»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее