Life.panorama.am-ը գրում է. Դերասան, երգիչ Արամոն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը: Տարիքային առանձնահատկության ու կյանքի ամենամեծ ձեռքբերումների մասին հոբելյարը խոսել է մեզհետ:
«Ուրախ եմ, որ ծնվել եմ, ապրում եմ: Երջանիկ եմ, որ վայելում եմ կյանքն ու այսօր տարիքս եւս մեկով ավելացավ»,- նշեց սիրված երգիչը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումը Արամոն ընտանիքն է համարում.
«Վերագնահատելով կյանքս հստակ կարող եմ փաստել, որ կյանքիս ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է եղել, ամենակարեւոր տեղում որդիս է՝ Ավոս: Իհարկե, աշխատանքային բնագավառում եւս շատ ձեռքբերումներ եմ ունեցել, բայց ամենից ու ամենքից գլխավորը ընտանիքս է»,- նկատեց նա:
Չարված քայլերի համար Արամոն չի զղջում, ավելին՝ կարծում է, որ բացթողումներ գրեթե չունի.
«Կարծում եմ՝ այն, ինչ կարողացել եմ արվեստի բնագավառում անել, ես արել եմ: Փառք Աստծո, ամեն բան նորմալ է, ես հասցրել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել: Առջեւում էլ շատ բան ունեմ անելու, հուսով եմ, որ կկարողանամ ավելին անել»,- հավելեց Արամոն:
49-ամյա դերասան-երգչի ամենակարեւոր նպատակը կրկին որդու հետ է կապված.
«Կարեւոր ցանկությունը կամ նպատակը իմ ու ընտանիքիս առողջությունն է ու միասին լինելը: Իսկ դրանից զատ նպատակներս Ավոյիս հետ են կապված, նրա հաջողություններն ինձ համար շատ կարեւոր են: Նաեւ շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի»,- նշեց Արամոն ու շեշտեց.
«Թեեւ շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի, բայց ինքս ոչ մի կերպ արհեստականորեն չեմ արագացնում այդ պրոցեսը: Ես չեմ կարող այդ հարցում միջամտել, քանի որ նա պետք է գտնի իր կեսին, ինքը պետք է գա այդ մտքին, որ ամուր ընտանիք ունենա»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում