▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերի» հայտարարությունը. ճնշումներ՝ Դատապարտյալների հիվանդանոցում

Հայտարարություն

Հայտնում ենք, որ Դատապարտյալների հիվանդանոցում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռեր Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, և նաև՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։

Քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում։ Չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։ Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել է դուռը, սակայն՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը։

Վերոհիշյալը իրավական բնութագրմամբ կոչվում է անմարդկային վերաբերմունք դատապարտյալի նկատմամբ, և առավել ցնցող է, երբ հիվանդների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերվում Հիպոկրատին երդում տված բժիշկների հաստատությունում։ Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող 4 դատապարտյալները իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտում այս անմարդկային հաշվեհարդարի կապակցությամբ և սպասում Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությանը։

Ներկայացնում ենք նաև՝

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հաղորդագրությունը. 

Անհրաժեշտ պարզաբանումը

Զանգվածային լրատվության միջոցներով փաստաբաններից մեկը հայտարարել է, որ «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չորս կալանավորված անձանց դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ»։

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ մյուս ՔԿՀ-ներում կալանավորված անձինք պահվում են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:

Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» բուժական հիմնարկում վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ նրանց սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են:

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее