Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելիս ի սկզբանե չգիտեինք՝ նրա զենք օրինական է, թե ոչ. այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը: Օսիպյանի խոսքով ՝ այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանությւոն են տարել:

«Մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի: Զենքերն օրինական են, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն»,- ասաց նա:

Հարցին՝ ստացել են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու համար, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»:
Օսիպյանը պնդեց, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված իրեն ուղղված ճնշումներ չեն եղել. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Սահմանադրության համապատասխան, ինձ որեւէ ցուցում, հրաման չի եղել, խելացի չի լինի նման բան անել: Ես օրենքով եմ իրականացնում ցանկացած գործողություն»:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Սայաթ-Նովա փողոցից ոստիկանությունը բերման էր ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին` ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Նշենք նաև, որ ԱԱԾ-ն և Քննչական Կոմիտեն վերջին օրերին ստուգումներ է իրականացրել Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերություններում:


