Երևանում աճուրդի կհանվեն հայտնի նկարիչների՝ Սարյանի, Արշիլ Գորկու, Բաշինջաղյանի, Այվազովսկու գործերը:
«ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանի փոխանցմամբ՝ հնարավորություն կունենանք տեսնել նաև ժամանակակից արվեստագետների գլուխգործոցները:
«Աճուրդի առաջին նպատակը հայկական արվեստի շուկայական գինն արժևորելն է: Շատ դժվարությամբ ենք, ի դեպ, կարողացել համոզել կոլեկցիոներներին՝ օրինակ Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի գործերի դեպքում: Մինաս Ավետիսյանը մի անկրկնելի գործ ունի, որտեղ խաչից Հիսուսի հանելն է: Տրամադել է ընտանիքը: Գինը 200.000-220.000 դոլար է» ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ էժան գործեր էլ կան, որոնք սկսվում են 3000 դոլարից: Հիմնականում դրանք ժամանակակիցների աշխատանքներն են:
Նկարների փորձագետ Համլետ Մաթևոսյանն էլ նկատեց.
«Հաճախ ասում են, թե նկարիչների լավագույն գործերը պետք է լինեն թանգարաններում, բայց արի ու տես, որ մասնավոր հավաքածուներում լինում են նաև հանճարեղ ստեղծագործություններ: Լավ է, որ համաձայնել են մասնակցել աճուրդին, որովհետև այստեղ միայն գումարը չէ, հայ արվեստն արժևորելն է: Ասեմ, որ բոլոր նկարների ինքնությունը պարզված և հաստատված է: Տեխնիկական վիճակները բավարար են»:
Աճուրդը կսկսվի դեկտեմբերի 2-ին «Բարձր արվեստ» կենտրոնի «Շեդևր» սրահում: Կարող են գնել օնլայն և տեղում:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում


