▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի վիճակագրութուն Հայաստանում.15-16 տարեկան երեխաների մոտ կոկորդի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը: Օրինագիծը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ, հատիկով ծխախոտ վաճառելու համար՝ 300 հազար դրամ և այլն։

Ուռուցքաբան Արամ Բադալյանն ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ են այս նախագծին, բացատրությունն էլ ունեն:

«Ծխախոտի մշտական ու մեծ քանակի օգտագործումն ուռուցքների առաջացման պատճառ է հանդիսանում: Հետ չեն մնում նաև պասիվ ծխողները: Վախենալու վիճակագրութուն ունենք: Պատկերացրեք՝ թոքի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը մոլի ծխող է, կոկորդի քաղցկեղով հիվանդների՝ 60 տոկոսը: 15-20 տոկոսի դեպքում է, որ այս հիվանդություններն այլ պատճառներով են զարգանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուռուցքաբանը՝ հավելելով.

«Եղել են դեպքեր, երբ 15-16 տարեկան երեխաների մոտ կոկորդի քաղցկեղ է հայտնաբերվել: Պատճառն այն է, որ տանը ծխել են ծնողները: Երիտասարդացել է նաև թոքի քաղցկեղի տարիքը: Եթե նախկինում 55 տարեկանից հետո էր հայտնաբերվում, հիմա՝ 45-ից»:

Բժիշկը ցավով է նշում՝ շատացել են երիտասարդ ծխողները.

«Մեծ մասը 17 տարեկանից սկսում է ծխել ինչ-որ անիմաստ հիմունքներից ելնելով: Վերջերս շենքերից մեկի բակում նկատեցի 12 տարեկան տղաների, ձեռքներից վերցրի ծխախոտը»,-նշեց Արամ Բադալյանը:

Համաձայն սոցիոլոգիական հարցումների էլ՝ հայ տղամարդկանց կեսը ծխող է:

«Ունենք 600.000 ծխող: Ամեն օր 4-5 ծխախոտ են օգտագործում: Շատացել են նաև կին ծխողները: Ամենաշատը ծխում են համակարգչի մասնագետները, ամենաքիչը՝ հավատացյլաները»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ շարունակելով.

«ԱՄՆ-ում, Եվրոպայում ծխողների աշխատավարձը 10 տոկոսով կրճատում են, քանի որ վատ են աշխատում, ժամանակ են ծախսում դուրս գալու, ծխելու համար: Արգելված է նաև բժիշկների ծխելը: Ավելին՝ երբ այդ երկրներում արգելեցին նաև բանտերում ծխելը, հանցագործների թվաքանակը 30 տոկոսով կրճատվեց: Գողը գողություն չէր անում, քանի որ գիտեր՝ բանտում չի ծխելու»:

Բանախոսները հորդորում են՝ թողնել ծխելը, բայց կամաց-կամաց, որովհետև օրգանիզմը պետք է հարմարվի նոր կարգավիճակին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее